կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-03-24 18:03
Քաղաքական

Քեսաբի հայերի տեղահանությունը լրջագույն մարտահրավեր է. Սերժ Սարգսյան

Քեսաբի հայերի տեղահանությունը լրջագույն մարտահրավեր է. Սերժ Սարգսյան

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Քեսաբի իրադարձությունների վերաբերյալ Հաագայի համաժողովների կենտրոնում մամուլի համար հայտարարությամբ է հանդես եկել. տեղեկացնում է ՀՀ նախագահի մամուլի գրասենյակը:

 

Նախագահը մտահոգություն է հայտնել Քեսաբի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ: «Մենք բոլորս շատ լավ ենք հիշում Քեսաբի պատմությունը, որը վերջին հարյուրամյակի ընթացքում, ցավոք, հարուստ է հայերի տեղահանման դժոխային իրողություններով»,- ասել է Սերժ Սարգսյանը:  

 

Հանրապետության նախագահը հիշեցրել է, որ առաջին ծանր պատուհասը Քեսաբի շրջանի համար դեռևս 1909 թվականին էր, երբ ապրիլին թուրքական զինված ջոկատները ներխուժեցին Քեսաբ։ Հայերն ապաստանեցին Գարատուրանի լեռներում և ծովեզերքում։ Քեսաբը հրկիզելուց ու թալանելուց հետո թուրքերն ուղղվեցին դեպի Գարատուրան, այրեցին ու կողոպտեցին վերին թաղի տները։ Հայերը ֆրանսիական փոխադրանավով տեղափոխվեցին Լաթաքիա։ Գաղթականները մոտ մեկ տարի Լաթաքիայում մնալուց հետո վերադարձան Քեսաբ և վերակառուցեցին իրենց տները։

 

Պատմական իրողություններին անդրադառնալիս Սերժ Սարգսյանը հիշատակել է նաև մեկ այլ տարեթիվ՝ 1915 թվականը, երբ Հայոց ցեղասպանության գաղթից և աքսորներից ևս անմասն չմնաց Քեսաբի բնակչությունը։ Քեսաբցիներն աքսորվեցին երկու ուղղությամբ՝ դեպի Դեր Զոր և դեպի հարավ՝ մինչև Հորդանան։ Հազարավոր քեսաբահայեր զոհվեցին, մեծամասնությունը՝ Դեր Զորի անապատներում։

 

«Քեսաբի հայերի այսօրվա` թվով արդեն երրորդ տեղահանությունը ազգային փոքրամասնությունների պաշտպանության 21-րդ դարի մեխանիզմներին նետված լրջագույն մարտահրավեր է: Կարծում եմ՝ բոլորը պետք է գիտակցեն, որ ինքնըստինքյան առաջ եկող զուգահեռները սթափեցնող պետք է լինեն բոլոր կողմերի համար»,- ընդգծել է նախագահ Սերժ Սարգսյանը: Նախագահը շնորհակալություն է հայտնել Սիրիայի իշխանություններին` այս ծանր պահին քեսաբահայության պաշտպանության համար ձեռնարկվող քայլերի համար:

 

«Ես արդեն հանձնարարել եմ ՄԱԿ-ի՝ Նյու Յորքի և Ժնևի գրասենյակներում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններին՝ հետամուտ լինել մարդու իրավունքների և ազգային փոքրամասնությունների հարցերով մասնագիտացված կառույցներում Քեսաբի հայության անվտանգության երաշխավորման և նրանց բնակության մշտական վայրեր ապահով վերադարձի խնդիրներին»,- ասել է նախագահ Սարգսյանը:

 

Ստեղծված իրավիճակի մասին հանրապետության նախագահն այսօր խորհրդակցել է նաև Մեծի Տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսի հետ: Նախագահ Սերժ Սարգսյանի հավաստմամբ` Սիրիայում Հայաստանի Հանրապետության դեսպանատունն աշխատում է քեսաբահայությանն աջակցելու համար անհրաժեշտ միջոցառումների ծրագրի վրա, որն իրականացվելու է ամբողջ ծավալով: