կարևոր
748 դիտում, 2 ժամ առաջ - 2025-09-19 21:29
Արցախ

Տեղահանությունը շարունակվող պատերազմ է, բռնություն և հանցագործություն ուղղված սերունդների դեմ

Տեղահանությունը շարունակվող պատերազմ է, բռնություն և հանցագործություն ուղղված սերունդների դեմ

«ԼՂ փախստականների իրավապաշտպան միությունը» հայտարարություն է տարածել,որում ասվում է․

«2023 թ․ սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի շփման գծի ողջ երկայնքով սկսվեց չարաբաստիկ պատերազմը՝ ուղեկցվելով Հաագայի և Ժնևի հիմնարար սկզբունքների ոտնահարմամբ, պատերազմական հանցանքներով, խաղաղ բնակչության շրջանում սպանություններով, գերեվարումներով, էթնիկ զտումներով ու ցեղասպանական գործողություններով, որը հանգեցրեց Արցախի բազմահազարանոց հայ բնակչության բռնի տեղահանմանը իրենց պատմական հայրենիքից:

Բռնի տեղահանության պատճառները խորն են ու բազմաշերտ՝ կապված լինելով թե՛ 2020 թվականի 44-օրյա պատերազմի, քաղաքացիական բնակավայրերի թիրախավորման, և թե՛ Լաչինի միջանցքի շուրջ տասը ամիս տևած շրջափակման, սովին երկարատև դիմադրության, ապրելու նվազագույն պայմանների բացակայության, վախի, հուսալքության, մարդու իրավունքների զանգվածային խախտումների, ինչպես նաև Ադրբեջանի կողմից տարվող պետական ու նպատակաուղղված խտրական քաղաքականության հետ։

Արցախահայերի բռնի տեղահանությունը տեղի ունեցավ 3 փուլով․ տեղահանության առաջին խոշոր ալիքը սկսվեց 2020 թվականի պատերազմի 44 օրերի և դրան հաջորդած ամիսների ընթացքում, երբ տեղահանվեց Արցախի 228 համայնքներից շուրջ 113-ի բնակչությունը․ մարդիկ կորցրեցին իրենց տները և վախի ու վտանգի գոտում հնարավորություն չստեղծվեց շարունակելու համայնքի գոյությունն ու զարգացումը:

Ադրբեջանի ռազմական հանցագործությունների, ինչպես նաև պատերազմի առաջացրած սոցիալ-տնտեսական և հումանիտար ճգնաժամի հետևանքով ավելի քան 35․000 մարդ բռնի տեղահանվեց Շուշիի, Հադրութի, Շահումյանի, Քաշաթաղի շրջաններից և Մարտակերտի, Ասկերանի շրջանների որոշ գյուղերից։

2022 թ․ դեկտեմբերից սկսվեց Բերձորի (Լաչինի) միջանցքի 10-ամսյա շրջափակումը, որի հետևանքով արցախահայերը ամիսներ շարունակ մնացին սովի, դեղորայքի և բժշկական օգնության բացակայության, կենսական պարագաների (սնունդ, վառելիք, հիգիենայի միջոցներ) մատակարարման դադարեցման պայմաններում։ Շրջափակումը ուղեկցվում էր նաև գազամատակարարման, էլեկտրաէներգիայի և ջրի դիտավորյալ դադարեցումներով, ինչը լրջորեն խաթարում էր բնակչության կենսաապահովման նվազագույն պայմանները։

Տեղահանության երկորդ մեծ ալիքը հաջորդեց 2023 թ․ սեպտեմբերի 19-ին սկսված ռազմական գործողություններին։ Սեպտեմբերի 24-ին, Ադրբեջանի ծրագրային քաղաքականությունը հասավ իր տրամաբանական ավարտին, երբ բացվեց Լաչինի միջանքը և փրկության ելք փնտրող ժողովուրդը դրան հաջողած 10 օրերի ընթացքում լքեց իր նախնիների պատմական հողերը։ Այս դեպքում Լաչինի միջանցի շրջափակումը, դրանից հետո սկսված ահասառսուռ պատերազմի մեկ օրը, բազմաթիվ զոհերը, խաղաղ բնակչության շրջանում սպանությունները, ֆիզիկական բնաջնջման ու գերեվարության վախն ու սարսափը, հուսալքությունն և ռասայական խտրական վերաբերմունքը դարձան տեղահանության ՀՐԱՄԱՆ՝ ստեղծելով ամբողջական տեղահանության դրդող իրավիճակ։

Այս ընթացքում Ասկերանի Մարտունիի շրջաններից, Ստեփանակերտ քաղաքից Մարտակերտի գյուղերից բռնի տեղահանվեց Արցախի տարածքում այս ժամանակ մնացած ողջ հայությունը՝ 100․600 մարդ։

2023 թվականի հոկտեմբերի 12-ին Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովը ընդունեց «Հումանիտար իրավիճակը Լեռնային Ղարաբաղում» N 2517 բանաձևը, որով խստորեն դատապարտեց 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի գործողությունները և դրան նախորդած՝ Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով ստեղծված ճգնաժամը։ Վեհաժողովն իր 11-րդ հոդվածով հստակ արձանագրեց, որ տարածաշրջանի գրեթե ողջ հայ բնակչությունը (100,600) լքել է իր պապենական հայրենիքը և գնացել Հայաստան՝ ֆիզիկական ոչնչացման վտանգի, Ադրբեջանի կառավարության երկարամյա հայատյաց քաղաքականության և ադրբեջանական իշխանություններին վստահության բացակայության պատճառով։

Ադրբեջանի հայատյաց, Լեռնային Ղարաբաղի պատմական տարածքը հայերից մաքրելու, բնապատմական լանդշաֆտը խեղաթյուրելու, իսլամացնելու, ոչնչացնելու և պղծելու քաղաքականության հետևանքով այսօր ավելի քան 150․000 մարդ գտնվում է իրավունքների համակարգային խախտումների պայմաններում, իսկ վերադարձի իրավունքի իրացման խոչընդոտումը, արցախահայերի՝ իրենց հիմնարար իրավունքներից զրկումը՝ սեպ են խրում միջազգային իրավունքի գոյության վրա։

Տեղահանությունը շարունակվող պատերազմ է, բռնություն և հանցագործություն ուղղված սերունդների դեմ։Լեռնային Ղարաբաղի փախստականների իրավապաշտպան միությունը կոչ է անում միջազգային հանրությանը ձեռնարկել անհրաժեշտ քայլեր՝ ապահովելու Լեռնային Ղարաբաղի հայ ժողովրդի արժանապատիվ, անվտանգ և կամավոր վերադարձը իրենց հայրենիքում՝ երաշխավորելով նրանց կորցրած իրավունքների լիարժեք վերականգնումը»։