Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի տան մոտ տեղի ունեցած խուլիգանության փաստի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
Yerkir.am-ը գործով մեղադրյալ` նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի (Վարդանիկի) որդու` Սպարտակ Ղուկասյանի փաստաբան Հայկ Ալումյանից հետաքրքրվեց, թե ինչպե՞ս ստացվեց, որ նա ստանձնեց Ղուկասյանի պաշտպանությունը: Փաստաբանը նշեց, որ սկզբում հակված է եղել գործը չվերցնելու տարբերակին, սակայն, տեսնելով դեպքի վերաբերյալ համացանցում տարածվող տեսանյութը, մտափոխվել է:
«Երբ համացանցում տեսա մեղադրող կողմի տեղադրած տեսանյութը, որն իբր պետք է հիմնավորեր Սպարտակի կատարած «հանցանքը», հասկացա, որ այդտեղ մի բան այն չէ, հետո երբ այդ մարդկանց հետ զրուցեցի, եկա այն կարծիքին, որ դեպքն այդպես չի եղել, ինչպես ներկայացվում է»,- ասաց նա և հավելեց, որ ցանկացած փաստաբան, երբ վերցնում է գործը, առաջին հերթին պետք է նայի, թե ի՞նչ է տեղի ունեցել, ոչ թե` ո՞վ է արել: «Ես չէի կարող նայել, թե տվյալ մարդուն ինչպես են վերաբերվում ԶԼՄ-ները, կամ այդ անձը հասարակության կողմից ընդունվա՞ծ է, թե՞ ոչ, ես նայել եմ պրոֆեսիոնալ աչքով»,- ասաց Ալումյանը:
Ըստ նրա` այսօր նույնիսկ ոստիկանությունն է ընդունում, որ Սպարտակը զենք չի կիրառել, քանի որ նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 258 հոդվածի 1-ին մասի` խուլիգանություն կատարելու հատկանիշներով:
Ալումյանի կարծիքով` հանրության շրջանում այսօր շատ ավելի բացասական կարծիք է ձևավորվել այդ մարդկանց նկատմամբ, քան նրանք իրականում կան: «Ինչ կարծիք էլ հասարակությունն ունենա այդ մարդու մասին, եթե ես համոզված լինեմ, որ այդ մարդն իրեն մեղսագրված հանցանքի հետ առնչություն չունի, պաշտպանելու եմ նրան»,- ասաց նա:
Նշենք, որ Ալումյանը նաև նախորդ տարի Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած միջադեպի գործով անցնող Բուդաղյանների պաշտպանն է: Այդ միջադեպից հետո փաստաբանն անգամ հայտարարություն էր արել, որ, տեսնելով գործում առկա ապօրինություններն ու հովանավորչությունը, առաջին անգամ մտածում է երկիրը լքելու մասին:
Լուսանկարը` shamshyan.com-ի