Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը կարծում է, որ իշխանության համար ստեղծվել է դժվար վիճակ, քանի որ խնդիրներ կան թե' իշխանական բլոկում, թե' Հանրապետական կուսակցությունում:
Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ նա կարծիք հայտնեց, որ նախորդ քառօրյայում` Մարտի 1-ի գործով ժամանակավոր հանձնաժողովի և «Գովազդի մասին» օրենքների քննարկման ժամանակ, նրանց խոսքն ու քվեարկությունները միմյանց խիստ հակասում էին:
«Գովազդի մասին» օրենքը ծիծաղատեղի դարձավ: Բոլորը խոսում են առողջության, խմիչքի գովազդը արգելելու մասին, բայց քվեարկում են այդ օրենքին կողմ: Իրենց համար էլ հեշտ չէ մեկ հրահանգով հեզիկ-նազիկ գնալ ու քվեարկել, իրենք էլ կոմպլեքսներ ունեն»,- ասաց Արամ Մանուկյանը՝ հավելելով, որ դեռ առջևում սպասվում են գազի հետ կապված սկանդալներ, տրանսպորտի ու կուտակայինի հետ կապված խնդիրներ, Որոտանի հետ կապված պատմությունը շարունակվում է, որտեղ առկա են հանցագործություն ու օրենքի ակնհայտ խախումներ:
«Անգամ եթե մենք, ձեռքներս ծալած, նստենք, Սերժ Սարգսյանը կստիպի մարդկանց փողոց դուրս գալ, իսկ ընդդիմությանը կստիպի միավորվել: ՀԱԿ-ի համար քաղաքական թիվ մեկ նպատակը իշխանափոխությունն է ու Սերժ Սարգսյանի հրաժարականը, բայց մենք չարությամբ չենք լցված, քանի որ սիրում ենք այս երկիրը»,- ասաց նա՝ հավելելով, որ որևէ առաջարկ ու պաշտոն իշխանության կողմից չեն ընդունելու և մաս չեն կազմելու կառավարությանը, ինչպես ասել էր ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը վերջին հանրահավաքի ժամանակ:
Մանուկյանը համոզմունք հայտնեց, որ Հայաստանին օդ ու ջրի պես անհրաժեշտ են նոր ընտրություններ՝ կանխելու համար ամենավտանգավորը՝ արտագաղթը:
Նա շեշտեց, որ ընդդիմության աշխատանքը խորհրդարանում տվել է իր արդյունքները, և երբ խոսում է ԱԺ ամբիոնից դահլիճի հետ, կարողանում է աչքերով տեսնել ու զգալ, թե իր ասածներին ինչպես են արձագանքում: «Ես տեսնում եմ ԱԺ դահլիճում իմ կողմից մարդկանց թասիբի գցելու արձագանքը, և իշխանության շատ ներկայացուցիչներ դրական են արձագանքում իմ ասածներին, թեև գտնվում են շատ լուրջ ճնշման տակ ու չեն կարող քվեարկել այնպես, ինչպես ուզում են: Կարծում եմ` շատ շուտով, շատ հանրապետական պատգամավորներ կհրաժարվեն կատարել այն հրահանգները, որոնք գալիս են Բաղրամյան 26-ից»,- ասաց պատգամավորը:
Նրա խոսքով՝ իշխանափոխությունը տեղի է ունենալու ոչ միայն ընդդիմության ուժեղացմամբ, այլեւ` իշխանությունից կտորների պոկմամբ, և եթե Հանրապետականը երբևէ ցանկանա կազմակերպել արդար ընտրություններ, ՀԱԿ-ը դա միայն կողջունի:
«Եվ եթե անգամ Սերժ Սարգսյանը քաղաքական կամք դրսևորի՝ իրականացնելու լուրջ բարեփոխումներ, ինչը ես համարում եմ անհավանական, կրկին մենք կարող ենք դա ընդունել որպես լավագույն ճանապարհ: Պարզապես մենք գիտենք, որ նա դա չի կարող անել: Կարծում եք՝ Տիգրան Սարգսյանի դե՞մ ենք կամ չե՞նք սիրում նրան: Ամենևին, Տիգրանի տեղն ով էլ լինի, նույնն էր լինելու, պարզապես համակարգն է փչացած, պետք է համակարգը փոխել: Եթե երկրում բոլոր կարևոր խնդիրները լուծվեն, արտագաղթը դառնա ներգաղթ, Լֆիկները դառնան սովորական հարկատու, որը հեքիաթի ժանրից է, այդ դեպքում կարելի է հրաժարվել իշխանափոխությունից»,- ասաց Արամ Մանուկյանը: