կարևոր
3664 դիտում, 2 տարի առաջ - 2022-10-28 14:01
Քաղաքական

Սինանյանն առնվազն կատարում է Չավուշօղլուի հրահանգները, ով անընդհատ ասում է, որ Սփյուռքը մեզ համար սպառնալիք է․ Իշխան Սաղաթելյան

Սովորաբար համահայկական խորհրդաժողովները մեր ժողովրդի ջանքերը միավորելու, միասնություն, համերաշխություն ստեղծելու, համահայկական օրակարգեր քննարկելու և լուծումներ գտնելու նպատակով են տեղի ունենում. դա է տրամաբանությունը: Սրանց գագաթնաժողովը Սփյուռքը պառակտելու, նոր լարվածություն ստեղծելու փորձ է` իրենց էժան և մանր քայլերով: Իրենք ոչ թե համահայկական գագաթնաժողով են անում` մեր ուժերը համախմբելու և մեր օրակարգերն առաջ տանելու, այլ Սփյուռքը պառակտելու համար: Այս մասին «Լազարյան ակումբի» նիստից առաջ, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով Երևանում մեկնարկող Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2022-ին:

«Հանձնակատար ունեն, որը, ըստ էության, իր քայլերով ու գործողություններով Ադրբեջանի կամ Թուրքիայի որևէ դեսպանից կամ հանձնակատարից չի տարբերվում: Երբ դու քո առջև նպատակ ես դրել քանդել 100-ամյա ավանդական կառույցների գործունեությունը, պառակտել և փորձել Սփյուռքում լարվածություն ստեղծել, դու առնվազն կատարում ես Չավուշօղլուի հրահանգները, ով անընդհատ ասում է, որ Սփյուռքը մեզ համար սպառնալիք է: Երբ դու մեր հայանպաստ գործիչներին, օրինակ՝ Մուրադ Փափազյանին և մեր մյուս ընկերներին արգելում ես գալ Հայաստան, դու ոնց կարող ես խոսել համահայկական օրակարգերի մասին: Դա  ընդամենը շոու է, որևէ լուրջ կազմակերպություն այդ միջոցառմանը չի մասնակցում: Երկու Վեհափառները բոյկոտել են այդ միջոցառումը, դա արդեն ամեն ինչ ասում է: Այդ իրավիճակում պետք է ամաչեին ու հեռանային: Սա հերթական պառակտիչ, քայքայիչ գործողությունն է»,-հայտարարեց նա: