Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Սոցցանցերից վերցված և լրատվամիջոցներով հրապարակված մեկնաբանություններն ու գրառումները, որոնք կպարունակեն վիրավորանք և զրպարտություն, կարող են դատական վեճերի առարկա դառնալ:
Ազգային ժողովում ներկայացվել է քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածում փոփոխություններ անելու նախագիծ, որի համաձայն` լրատվամիջոցը կարող է պատասխանատվության ենթարկվել սոցցանցից վերցված գրառումների համար, եթե չկարողանա դատարանին ներկայացնել փաստեր, որ սոցցանցում արված գրառման հեղինակն իրական անձ է:
«Լրատվական գործունեություն իրականացնողը ազատվում է վիրավորանք կամ զրպարտություն պարունակող տեղեկատվությունը վերարտադրելու համար պատասխանատվությունից, եթե ներկայացնում է վիրավորանք կամ զրպարտություն պարունակող տեղակատվության հեղինակին նույնականացնող տվյալներ»,- նշվում է նախագծի 9.1 հոդվածում:
Իսկ 9.2 հոդվածը սահմանում է, որ զրպարտության կամ վիրավորանքի դեպքում անձը կարող է հրապարակային էլեկտրոնային կայքից պահանջել հեռացնել զրպարտություն կամ վիրավորանք պարունակող մեկնաբանությունը: Լրատվամիջոցը պարտավոր է կատարել դա պահանջը ներկայացնելուց հետո 12 ժամվա ընթացքում:
Նախագիծը հեղինակած պատգամավորները սա հիմանվորում են այսպես. «Վերջին շրջանում լայն տարածում է ստացել սոցիալական ցանցերում կեղծ օգտատերերի («ֆեյքերի») միջոցով վիրավորանք կամ զրպարտություն պարունակող տեղեկատվության տարածումը, որը խախտում է մի շարք անձանց` Սահմանադրությամբ եւ միջազգային կոնվենցիաներով պաշտպանվող` անձնական եւ ընտանեկան կյանքը հարգելու իրավունքը, արժանապատվության իրավունքը:
Խնդիրը առավել կարեւորվում է նրանով, որ մի շարք լրատվամիջոցներ վերարտադրում եւ տարածում են կեղծ օգտատերերի`զրպարտություն կամ վիրավորանք պարունակող տեղեկատվությունը` դրանք առավել հանրայնացնելով, ինչի հետեւանքով այդ տեղեկատվությունը հայտնի է դառնում նույնիսկ այն անձանց, ովքեր գրանցված չեն սոցիալական ցանցերում»:
Իսկ ահա մամուլի հարցերով զբաղվող փորձագետներն այս իրավանորմը դիտարկում են որպես «ավելորդ լարվածություն» առաջացնող դրույթ: Yerkir.am-ի հետ զրույցում Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանն ասաց, որ այս փոփոխությունների անհրաժեշտությունը չկա, քանի որ նախագծում մատնանշված դրույթներն առկա են «Զանգվածային լրատվամիջոցների մասին» օրենքի 9-րդ հոդվածում:
«Այս փաստաթղթի ոգին այնպիսին է, որ նպաստելու է դատական գործերի քանակի ավելացմանը: Իսկ դատական գործերի մեծ մասը հաշվեհարդար տեսնելու և քննադատելու միջոց են լինում: Ես բազմիցս ասել եմ, որ դատական գործերի մեծ մասի դեպքում հրապարակումներում զրպարտություն և վիրավորանք չեն լինում»,- ասաց Ա. Մելիքյանը` հավելելով, որ նման իրավանորմերի կիրառելիությունը գործիք է` լրատվամիջոցին կաշկանդելու:
Yerkir.am-ը զրուցեց նաև Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ, Տեղեկատվական վեճերի խորհրդի քատուղար Շուշան Դոյդոյանի հետ: Նա նշեց, որ թեև այդ խնդիրը կա, սակայն վերոնշյալ իրավանորմերով հնարավոր չէ միանշանակ կարգավորել, քանի որ իրավիճակները բազմազան կարող են լինել, նաև ինտերնետային տարածքում ամեն ինչ բավականին փոփոխվող է, իսկ օրենքը կստեղծի քարացած վիճակ:
«Ճիշտ կլիներ` դա թողնել դատական նախադեպերին: Հատակապես` որ արդեն իսկ եղել է նման գործ` Արթուր Գրիգորյանն ընդդեմ «Հրապարակ» օրաթերթի, Վճռաբեկ դատարանն էլ իր դիրքորոշումը հայտնել է դրա շուրջ: Ես կարծում եմ, որ այդ նախագիծը վտանգներով լեցուն, գլխացավանք է լինելու»,- ասաց Շ. Դոյդոյանը:
Նա հավելեց, որ եթե փոփոխությունները ուժի մեջ մտնեն, ապա սկսվելու է դատական գործերի նոր հոսք, «որոշ քաղաքական գործիչների դա ոգևորվելու է», այնինչ` հազիվ հանդարտվել էր վիճակը, կայուն պրակտիկա էր ձևավորվել. «Դրական ազդեցություն չի ունենա ոչ միայն լրատվամիջոցների դեպքում, այլ ընդհանրապես` ազատ արտահայտվելու իրավունքի տեսանկյունից: Չի նպաստի ոչ միայն պատասխանատու մամուլ ունենալուն, այլեւ կխթանի ինքնագրաքննությունը լրատվամիջոցների կողմից»:
Նշենք, որ Տեղեկատվական վեճերի խորհուրդը, ինչպեսև Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն պատրաստվում են փորձագիտական իրենց դիրքորոշումը հայտնել նախագծի վերաբերյալ:
Աստղիկ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ