կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-09-04 13:41
Քաղաքական

Վալերի Բոյերը նոր օրինագիծ է ներկայացնելու Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու վերաբերյալ

Վալերի Բոյերը նոր օրինագիծ է ներկայացնելու Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու վերաբերյալ

Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Վալերի Բոյերը պատրաստվում է 20-րդ դարի ցեղասպանությունների եւ մարդկության դեմ իրականացված ոճիրների ժխտումը քրեականացնող նոր օրինագիծ ներկայացնել. տեղեկացնում է «Նուվել դ'Արմենի» պարբերականը:

 

Հիշեցնենք, որ նա նման օրինագիծ էր ներկայացրել նաեւ 2011-ին, որն ընդունվել էր Ազգային ժողովի եւ Սենատի բոլոր խմբակցությունների կողմից 2012-ի հունվարի 23-ին: Ցավոք, երկրի Սահմանադրական խորհուրդը, պատճառաբանելով խոսքի ազատության իրավունքը, այն հակասահամանադրական ճանաչեց:

 

«Այնժամ, երբ մենք պատրաստվում ենք ոգեկոչել Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը, Ֆրանսիայում ոչ մի օրենք դեռեւս հնարավորություն չի տալիս սանձելու ցեղասպանությունների եւ մարդկության դեմ իրականացված ոճիրների ժխտումը, բացառությամբ Հոլոքոստի: Թեեւ երկու ցեղասպանություններ` Հոլոքոստը եւ Հայոց ցեղասպանությունը, պաշտոնապես ճանաչվել են Ֆրանսիայի կողմից, միայն Հոլոքոստի ժխտումն է այսօր քրեականացված Գայսոյի օրենքով` այդպիսով «հիշատակի մրցակցություն» հաստատելով: Այդ անարդարությունը պետք է վերացնել` ինչպես Հայոց ցեղասպանության ժխտումը քրեորեն պատժելով, այնպես էլ այլ ցեղասպանությունների, որոնք Ֆրանսիան կճանաչի»,- ասել է պատգամավորը` հավելելով, որ ցեղասպանությունները չդատապարտելը արձագանքում է արդի թեժ իրավիճակներում, օրինակ` Իրաքում քրիստոնյաների դեմ իրականացվող բռնությունները, որոնք ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը որակել է որպես ոճրագործություն մարդկության դեմ: Հետեւաբար` ցեղասպանությունների ժխտումը պետք է դիտարկել ոչ թե խոսքի ազատության իրավունքի, այլ մարդկության դեմ կատարված ոճրի տեսանկյունից:

 

Ըստ պատգամավորի` նոր օրինագիծը շուտով կտեղադրվի Ազգային ժողովի կայքում: