Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ազատության հրապարակում ելույթով հանդես եկած Լեւոն Տեր-Պետրոսյանը մեջբերեց իր վերջին հոդվածից մի հատված.
«Իր անհաշվենկատ, ավելի ճիշտ` արկածախնդիր քաղաքական դեգերումների պատճառով Սերժ Սարգսյանը, հետևաբար՝ նաև նրա ղեկավարած երկիրը, թե՛ Արևմուտքում, թե՛ Ռուսաստանում ձեռք է բերել, մեղմ ասած, անվստահելի գործընկերոջ համբավ։ Ակնհայտ է, որ այդ համբավը վերականգնելու և ազգերի համաշխարհային ընտանիքում արժանի տեղ զբաղեցնելու համար Հայաստանը կարիք ունի համակարգային արմատական բարեփոխումների։ Ակնկալել, որ այդ բարեփոխումներն ի վիճակի է իրականացնել Սերժ Սարգսյանը, հավասարազոր է քաղաքական կուրության։ Սերժ Սարգսյանն ստեղծել է պետական կառավարման մի այնպիսի իդեալական համակարգ, որը լիովին ծառայում է սեփական բարգավաճման և իշխանության պահպանման նպատակին։
Նա հիմար չէ, որ կտրի այն ճյուղը, որի վրա նստած է։ Ամենամեծ ցանկության դեպքում անգամ Սերժ Սարգսյանը չի կարող որևէ դրական քայլ կատարել։ Եվ ընդհանրապես, նա այլևս ճիշտ քայլ չունի։ Շախմատային լեզվով արտահայտված՝ Սարգսյանը հայտնվել է ցուգցվանգի մեջ, երբ ցանկացած քայլ տանում է դեպի անխուսափելի պարտություն։ Նրա իշխանավարության յուրաքանչյուր օր կորուստ է Հայաստանի և Արցախի համար, ընդ որում` թե՛ ժողովրդագրական, թե՛ տնտեսական, թե՛ նյութական, թե՛ քաղաքական և թե՛ բարոյահոգեբանական առումներով։
Ցուգցվանգի մեջ հայտնված պարկեշտ շախմատիստը պարզապես հանձնվում է, իսկ անպարկեշտը խաղատախտակը տալիս է մրցակցի գլխին։ Սերժ Սարգսյանն, ահա, կանգնած է այսպիսի երկընտրանքի առջև, այն է` կա՛մ պիտի արժանապատվորեն հանձնվի, կա՛մ էլ փորձանք բերի հայ ժողովրդի գլխին։
Հետևաբար, ժամանակն է, որ նա խոհեմություն դրսևորի և հրաժարական տա` ժողովրդին հնարավորություն ընձեռելով հիրավի ազատ կամաարտահայտության միջոցով ընտրելու հանրապետության մի այնպիսի նախագահ, որն ի վիճակի լինի միջազգային հանրության աչքում վերականգնել Հայաստանի` որպես վստահելի և պատասխանատու գործընկերոջ վարկը, առանց որի անհնար է դիմագրավել երկրի առջև ծառացած անթիվ մարտահրավերները։ Հայաստանի ու Արցախի փրկության այլ ճանապարհ գոյություն չունի» ։
Նա հայտարարեց, որ չի ուզում այս հանրահավաքում հասարակությանը խաղաղ իշխանափոխության ճանապարհային քարտեզ առաջարկել՝ հեռու մնալով Կոնգրեսի դաշնակից խորհրդարանական խմբակցություններին քաղաքական օրակարգ թելադրելու մտադրությունից։
«Այդ քարտեզը նրանք, Կոնգրեսի խմբակցության հետ, համատեղ պետք է մշակեն, և կարծես- թե այդ ուղղությամբ առաջին քայլերն արդեն արվում են»,-ասաց նա։ Ըստ Տեր-Պետրոսյանի՝ հասարակության և քաղաքական ուժերի ճնշման տակ տեղի ունեցող ցանկացած փոփոխություն դրական դիտելով՝ Կոնգրեսը այս մոտեցումն էլ ընդունելի է համարում և, ամենևին չհավակնելով առաջատարի դերի, պատրաստ է, հանուն համերաշխության, իր ողջ կարողությամբ համագործակցել մյուս ուժերի հետ կառավարության հրաժարականին հասնելու հարցում։
«Միաժամանակ հարկ եմ համարում հայտարարել, որ Կոնգրեսը ոչ մի պարագայում մտադիր չէ մաս կազմել Սերժ Սարգսյանի ձևավորած որևէ կառավարության՝ անկախ այն բանից, թե ինչպիսի պաշտոններ մեզ կառաջարկվեն»,-ասաց նա: Լեւոն Տեր-Պետրոսյանի կարծիքով՝ հաջորդ հանրահավաքը շատ չի ուշանա և հավանաբար տեղի կունենա այն ժամանակ, երբ 4 խմբակցություններն ԱԺ-ում կբարձրացնեն կառավարության հրաժարականի հարցը: