կարևոր
2839 դիտում, 8 ամիս առաջ - 2024-03-21 17:57
Քաղաքական

Նիկոլի էնդշպիլը ցուգցվանգի պայմաններում

Նիկոլի էնդշպիլը ցուգցվանգի պայմաններում

Հայաստանի վարչապետը ոչ մի կերպ չի կարողանում դուրս գալ ցուգցվանգի իրավիճակից, որի մեջ ինքն իրեն քշել է Ադրբեջանի հետ հարաբերություններ կառուցելիս։ Շախմատում ցուգցվանգը ոչ թե մատ է, այլ իրավիճակի ժամանակավոր վատթարացում, իսկ քաղաքականության մեջ՝ իրավիճակ, երբ արդյունքը չի համընկնում նախատեսվածին։ Ավելին, շախմատում խաղացողը պարտավոր է քայլ կատարել, այսինքն՝ ակտիվ գործողություն ձեռնարկել՝ ուղղված իրավիճակի փոփոխությանը։ Բայց քաղաքականության մեջ հաճախ է պատահում, որ գործող դերակատարը ձգտում է պահպանել ստատուս քվոն՝ ակնկալելով, որ իրավիճակը կարող է փոխվել այլ մասնակիցների գործողությունների շնորհիվ:

Ելույթ ունենալով Ազգային ժողովում կառավարական ժամում՝ Նիկոլը հայտարարել է՝ «կա համաձայնություն, որ ՀՀ-ն եւ ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա», եւ «կա ըմբռնում, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև պետք է տեղի ունենա սահմանազատման գործընթաց»։ Սկզբունքորեն սա, այսպես կոչված, ճիշտ սիլլոգիզմ է, որի հիման վրա Նիկոլը Պրահայում գնաց Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման՝ Լեռնային Ղարաբաղի խնդիրը դուրս բերելով հայկական քաղաքականության ոլորտից։ Ալմա-Աթայի հռչակագրի համաձայն, երկրների միջեւ սահմանները որոշվում են այն սահմաններում, որոնք գոյություն ունեին միութենական հանրապետությունների միջև այս փաստաթղթի ստորագրման պահին: Նիկոլի խոսքով՝ «դա չի նշանակում Հայաստանի եւ Ադրբեջանի միջև նոր սահմանի ստեղծում, այլ նշանակում է երկրի վրա նորից արտահայտել Խորհրդային Միության վերջին դե յուրե սահմանները»:

Սակայն Ադրբեջանի կողմից այդ հարցում համաձայնություն ստանալ դեռ չի հաջողվում։ Ուստի հարց է առաջանում Նիկոլի կողմից Ալմա-Աթայի հռչակագրի փաստացի միակողմանի լեգիտիմացման իրական պատճառների եւ այդ փաստաթղթով սահմանված «գոյություն ունեցող սահմանների» ճանաչման մասին, այդ թվում եւ հենց Հայաստանի։ Բայց հիմա միկոլն ասում է՝ «Հայաստանն ինքը պետք է արձանագրի սեփական տարածքը, որպեսզի ոչ ոք իր տարածքային ամբողջականության հետ կապված հարցեր չունենա»։ «Մեզ հաճախ են կշտամբում, թե ինչու ենք մենք 2022 թ-ի հոկտեմբերին ստորագրել Պրահյան հռչակագրի տակ, որտեղ խոսվում է տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման մասին, - ասում է նա։ - Իսկ ամեն ինչ այն պատճառով, որ եթե մենք չարձանագրեինք մեր տարածքը, նույնիսկ մեր ամենամոտ դաշնակիցները կարող էին հաշվի չնստել մեր տարածքային ամբողջականության հետ։ Մենք ՀԱՊԿ-ից ակնկալում ենք, որ այն կոնկրետացնի իր պատասխանատվության գոտին Հայաստանի մասով, բայց կողքից կարող է հարց առաջանալ՝ իսկ ինչու մենք ինքներս չենք արձանագրում մեր իսկ տարածքային ամբողջականությունը։ Եվ եթե մենք միակողմանիորեն ցույց չտանք ճիշտ քարտեզը, ճիշտ ուրվագծերը, դաշնակիցները կարող են մեզ մեղադրել նրանց պատերազմի մեջ ներքաշելու փորձի մեջ» ։

Բայց մինչ այդ Նիկոլը ՀԱՊԿ-ին մեղադրում էր, որ այն չի ապահովում «Հայաստանի տարածքային անվտանգությունը», որն ինքը չի կողմնորոշվել իր սահմանների հարցում ։ Այսպիսով, նա շրջանառության մեջ է դնում կեղծ սիլլոգիզմ՝ կառուցելով մի շարք պնդումներ, որոնց ճշմարտացիությունն ինքնին, ի վերջո, տալիս է կեղծ եզրակացություն: «Առայժմ ՀԱՊԿ — ում մեզ չեն պարզաբանել, թե որտեղ են Հայաստանի այդ սահմանները», - ասում է Նիկոլը։ - Դրա համար մենք չենք կարող ընդունել կազմակերպության առաքելությունը, որովհետև կստացվի, որ մենք լեգիտիմացնում ենք Հայաստանի Հանրապետության լղոզված իմիջը եւ այս պայմաններում մենք լեգիտիմացնում ենք նաև Ադրբեջանի ներխուժումները: Հիմա մենք ասում ենք՝ լավ, մեզանից մի նեղացեք, բայց մենք պետք է այլընտրանքային գործընկերներ գտնենք»։

Ի վերջո,Նիկոլը հայտարարեց, որ Հայաստանն ու Ադրբեջանը դեռեւս չեն կողմնորոշվել այն քարտեզների հարցում, որոնցով պետք է անցնի երկու երկրների սահմանների դելիմիտացիան եւ հետագա դեմարկացիան: Ժամանակին Պուտինը հայտարարել էր՝ Ռուսաստանը պատրաստ է տրամադրել Խորհրդային բանակի գլխավոր շտաբի առկա քարտեզները՝ միաժամանակ նշելով, որ դրանք «ամենաճշգրիտ քարտեզներն են, և պատրաստ են այդ բազայի հիմքի վրա, երկու կողմերի հետ քննարկելով, շարժվել»: Ժամանակին վարկած կար, ըստ որի, իբր Երևանն ու Բաքուն նախապես պայմանավորվել էին սահմանազատում իրականացնել՝ հիմք ընդունելով 1975 թ-ի խորհրդային քարտեզները (պատճեններ կան միայն ռուսական գլխավոր շտաբում)։ Բայց հետո այդ սցենարը անհետացավ: Ըստ հայ փորձագետների ՝ խոսքը Գեղարքունիքի Կութ, Վերին Շորժա գյուղերի, Վայոց Ձորի Ջերմուկի մերձակա ընդարձակ տարածքների, ինչպես նաեւ Սյունիքի (Զանգեզուր) Իշխանասար եւ Ներքին Հանդ գյուղերի տարածքների մասին է: 1975 թ-ի քարտեզով սահմանազատման դեպքում Ադրբեջանը ստիպված կլինի հեռանալ գրավյալ տարածքներից։

Այսպես Նիկոլը ցուգցվանգի իրավիճակում Հայաստանը մտցնում է վերջնախաղի փուլ՝ արդեն հայտարարելով Հանրապետության տարածքում Ադրբեջանի հետ նոր հակամարտության սրման հավանականության մասին՝ դա կապելով «Հայաստանի սահմանի ճշգրտման» հետ։ Սրանք արդեն «ազդակներ» են արեւմտյան նոր գործընկերներին, եւ պատահական չէ, որ տարածաշրջանում հայտնվեց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։ Բոլոր հատկանիշներով փորձ է արվում «ճոճել» Անդրկովկասը։ Ու թեեւ Երեւանն ուժ չունի պատերազմելու Բաքվի դեմ կամ հանդես գալու Մոսկվայի շահերի դեմ, Արեւմուտքը Նիկոլի ձեռքով խաղարկում է հայկական «խաղաքարտը»՝ այն «կովկասյան Ուկրաինա» դարձնելու մտադրությամբ։ Այս ամենը շուտով կարող է հակադարձվել հենց Հայաստանին, թեև երկրի վարչապետին նման նախազգուշացումները դեռ կանգնեցնում են։

 

Տարասով 

Թարգմ.՝ Գայանե Մանուկյանի