Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երբ լուծվի Ղարաբաղի հարցը, հաջորդ իսկ օրը կբացվի Թուրքիայի հետ սահմանը. «Մոսկովսկիե նովոստի» թերթի հետ ծավալուն հարցազրույցում ասել է Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը` հավելելով, որ ինքն այդ երկու հարցերը չի կապում միմյանց. «Ղարաբաղյան հարցը գոյություն ունի անկախ Թուրքիայի կամքից եւ ցանկություններից»:
Լրագրողը հիշել է Տեր-Պետրոսյանի այն խոսքերը, թե Հայաստանի ցանկացած նախագահ, անկախ նրանից, թե ով կլինի, ստիպված է լինելու ակտիվացնել կապերը Թուրքիայի հետ, ապա հարց է ուղղել, թե Սերժ Սարգսյանը ի՞նչ սխալ է արել Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցում:
ՀՀ առաջին նախագահը պատասխանել է, որ նա ամեն ինչ ճիշտ է արել: «Անհրաժեշտ է այս հարցը միշտ օրակարգում պահել: Քանի որ առանց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման, առանց սահմանների բացման Հայաստանը զարգանալու հեռանկարներ չունի»,- ասել է նա՝ հավելելով, որ Հայաստանը դեռեւս 1992 թվականին ցանկանում էր համաձայնության գալ Թուրքիայի հետ, սակայն Ղարաբաղյան պատերազմում Քելբաջարի մարտերը խանգարեցին այդ գործընթացին:
«Մինչ 1992 թվականն ամեն ինչ նորմալ էր ընթանում Թուրքիայի հետ: Մենք պատրաստ էինք դիվանագիտական հարաբերություններ հաստատել: Պատրաստ էր նույնիսկ արձանագրության նախագիծը. մեկ-երկու հարց էր մնացել լուծելու: Սկսվեցին կռիվները Քելբաջարի շրջանում, եւ թուրքերը պարզապես դադարեցրին գործընթացը` ի նշան համերաշխության Ադրբեջանի հետ, եւ փակեցին սահմանը: Հիմա դա մեզ դուր է գալիս, թե ոչ, բայց թուրքերը չեն գնա ոչ մի կարգավորման, քանի դեռ չի լուծվել Ղարաբաղյան հարցը: Կլուծեք Ղարաբաղյան հարցը, հաջորդ իսկ օրը կբացվեն Թուրքիայի հետ սահմանները: Այլ հարցեր չկան»,- ասել է նա:
Պատասխանելով հարցին, թե ճի՞շտ են այն մեղադրանքները, որ Հայաստանի երեք նախագահների վարչակազմերն էլ փորձել են Ղարաբաղը փոխանակել Սյունիքի հետ, Լ. Տեր-Պետրոսյանը պատասխանել է, որ Սյունիքի մասին երբեւէ խոսք չի եղել: «Այսպիսի տարբերակ կար, եւ կա նաեւ համապատասխան փաստաթուղթ այն մասին, որ նախատեսվում էր տարածքների փոխանակում Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ: Ղարաբաղը իբր միացվում էր Հայաստանին, իսկ Նախիջեւանը Ադրբեջանին` Մեղրիի միջանցքով: Դա ոչ ոք չի հորինել: Բայց ես երբեք չէի գնա այդ քայլին, քանի որ այդ դեպքում մենք կկորցնեինք Իրանի հետ սահմանը, իսկ այն Հայաստանի համար ռազմավարական տեսանկյունից ավելի կարեւոր է, քան Ղարաբաղը»,- հայտարարել է նա:
Ըստ ՀՀ առաջին նախագահի` 1998 թվականին Ղարաբաղյան հակամարտության լուծումը մոտ էր: Նախ` առաջարկվել էր փաթեթային տարբերակը. «Ղարաբաղցիներն այն չընդունեցին, ադրբեջանցիներն ընդունեցին կիսով չափ, մենք համաձայն էինք»: Այնուհետեւ սեղանին դրվեց հակամարտությունը փուլ առ փուլ լուծելու տարբերակը:
«Դա համարյա նույն ծրագիրն է, որը ներկայումս սեղանին է` Մադրիդյան սկզբունքների ձեւով. օկուպացված կամ, մեր տերմինաբանությամբ` ազատագրված տարածքների մի մասի վերադարձ, որոնց մեջ այն ժամանակ Լաչինն ու Քելբաջարը չէին մտնում, նոր ղարաբաղյան սահմանների ամբողջ պարագծով միջազգային խաղաղապահ ուժերի տեղակայում, ճանապարհների ապաշրջափակում: Այն ժամանակ չէր ասվում, բայց նկատի էր առնվում` Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակի ստեղծում, ԼՂ բոլոր պետական կառույցների պահպանում, այդ թվում` բանակի, ոստիկանության եւ այն:, Ադրբեջանը չէր միջամտելու Ղարաբաղի ներքին գործերին: Եվ վերջնական կարգավիճակի հարցը թողնվում էր հետագա քննարկման: Այդ ամենը եղել է: Եվ ի՞նչ էր տալու: Դա տալիս էր նույն իրադրությունը, ինչ ունենք ներկայումս, միայն կրճատված տարածքային տարբերակով, սակայն երաշխավորված միջազգային պայմանագրով»,- ասել ՀՀ առաջին նախագահը եւ հավելել, որ հիմա այդ ամենին հասնել ավելի դժվար կլինի:
Ըստ նրա` նախորդ ծրագրի հետ միակ տարբերությունը ԼՂ-ում հանրաքվե անցկացնելու գաղափարն է, որը ոչ մի բանով հիմնավորված չէ, եւ այդ բառից արդեն խուսափում են, խոսում են հարցման, պլեբիսցիտի եւ այլնի մասին:
Լ. Տեր-Պետրոսյանը համոզված է, որ այսօր ցանկացած որոշում ավելի վատը կլինի, քան այն ժամանակ: Նա նաեւ համարում է, որ Արեւմուտքը բավարար ջանք չի գործադրում հակամարտության կարգավորման ուղղությամբ, քանի որ հարցը առանահերթ չէ, այլ հիմնախնդիրներ կան` Իրաք, Աֆղանստան եւ այլն: Միաժամանակ, հնարավորություն է տալիս Ռուսաստանին ավելի ակտիվ լինել այդ հարցում: Սակայն եթե Ռուսաստանի նախաձեռնած գործընթացն արագ արդյունք չտա, պատերազմն անխուսափելի է:
«Ադրբեջանը պարզապես համբերություն չի ունենա: Հայաստանը երբեք պատերազմ չի նախաձեռնի, ով էլ լինի նրա նախագահը: Եթե պատերազմ սկսվի, ապա միայն Ադրբեջանի նախաձեռնությամբ: Եվ ամենավտանգավորն այն է, որ ոչ ոք չի կարող Ադրբեջանի ձեռքը բռնել»,- ասել է նա: