Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Վերջին ամիսների ուրախ լուրը, որ լսեցի, մեր դպրոցի 10-րդ դասարանի աշակերտուհի Աննա Բաղմանյանից էր, ով հիմա սովորում է Արթիկի ավագ դպրոցում»։ Այս մասին գրում է Մարտակերտի թիվ 1 դպրոցի ուսուցչուհի Նատաշա Պողոսյանը և հրապարակել աշակերտուհու հետ ունեցած զրույցը․
«Բարև Ձեզ, տիկի'ն Պողոսյան։ Ափսո՜ս, որ Ձեզ նման մանկավարժը այլևս չի դասավանդում։ Մասնակցել եմ հայոց լեզվի օլիմպիադային։ Ամեն հարց կարդալիս Ձեր տվածն էի հիշում, որոնք օգնեցին, որ հարցերը ճիշտ գրեմ։
20 միավորից 17,25 միավոր եմ ստացել։ Որոշեցի կիսվել Ձեզ հետ և ասել, որ շատ շնորհակալ եմ։ Սա Ձեր տված գիտելիքների արդյունքն է»։
Վերջին ամիսների ուրախ լուրը, որ լսեցի, մեր դպրոցի 10-րդ դասարանի աշակերտուհի Աննա Բաղմանյանից էր, ով հիմա սովորում է Արթիկի ավագ դպրոցում։
Մարտակերտի Վլ. Բալայանի անվան միջնակարգ դպրոցում Աննային դասավանդել եմ 5-9-րդ դասարաններում։
Այսպիսի դպրոցականներին դասավանդելը մեծագույն պատիվ է, իսկ Աննան ամենուր էր` առարկայական օլիմպիադաներում, տարբեր մրցույթներում, կազմակերպված միջոցառումներում` իր ընդունակություններով, աշխատասիրությամբ, գեղեցիկ կերպարով, բարձր կարգապահությամբ, հավասարակշիռ կեցվածքով...
«Ավագ դպրոց եմ հաճախում։ Տնտեսագիտականն եմ ընտրել։ Ճիշտ է, շատ լավ են ընդունել թե' աշակերտները, թե' ուսուցիչները, բայց, միևնույնն է, չեմ կարողանում հարմարվել։ Ամեն դասաժամի մտովի գնում եմ Մարտակերտ, մեր դասարանը...
Երեկ Ձեզ էի տեսել երազում, տիկի՛ն Պողոսյան։ Դասարանում էինք, հայ գրականության ժամ էր...
Մենք զրուցեցինք անգամ իրավիճակից։ Ինչպես միշտ, Ձեր խոսքերով հույս էիք տալիս մեզ, որ ամեն ինչ լավ է լինելու... Բայց զարթուցիչի ձայնից արթնացա ու ափսոսացի, որ այդ ամենը, ընդամենը, երազ էր»։
Դպրոցը, տունը, հայրենիքը մեզ երևում են երազներում։ Փորձում եմ հարմարեցնել ինձ, որ դպրոցին հրաժեշտ եմ տվել Արցախում` դեռևս սեպտեմբերի 19-ին, բայց չհասցրի այդ օրը երկրորդ հերթով դասարան մտնել, երբ դասի մուտքն ու ելքը իրար խառնվեցին...
Այդպես էլ դպրոցի զանգի ղողանջները մարեցին օդային տագնապի, ռումբերի ահասարսուռ պայթյունների տակ։
Այստեղ մի նոր իրականության մեջ եմ, երբ աշակերտներս տարբեր դպրոցներում են, ու ես վայելում եմ նրանց ձեռքբերումները հեռվից... Եվ որքա՜ն լավ է, որ գոնե ինձ շոշափելի են նրանց հաջողությունները։