|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Ընդդիմությունն օգտվում է իր զինանոցի գործիքներից, երբ քաղաքական պայքարի ռազմավարության ժամանակ նպատակահարմար է գտնում օգտվել այդ գործիքից, և դա նորմալ քաղաքական պայքարի ձև է: Այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ անդրադառնալով ոչ իշխանական չորս ուժերի կողմից կառավարությանն անվստահություն հայտնելու նախաձեռնությանը:
Տիգրան Սարգսյանը հարց ուղղեց լրագրողներին` արդյոք՞ նրանք գիտեն որևէ կառավարության, որից դժգոհ չլինեն: Նրա կարծիքով` դժգոհություններ պետք է լինեն, որ լինի քաղաքական պայքար, հակառակ դեպքում` չեն ունենա ընդդիմախոսներ և ընդդիմություն: Այնուհետեւ կոչ արեց լրագրողներին, որպեսզի նրանք կառավարության դեմ քննադատությունները ընկալեն որպես դեմոկրատական երկրին բնորոշ նորմալ, օրինաչափ երևույթ:
«Եվ եթե դուք` լրագրողներդ, հանգիստ դա ընդունեք, կարող եք նաև օբյեկտիվ դատել, թե այն փաստարկները ու քննադատությունները, որ բերում են, ճի՞շտ են, թե՞ ոչ»,- ասաց վարչապետը:
Ինչ վերաբերում է արդարադատության նախարարի այն արտահայտությանը, թե ընդդիմությունը «ղալաթ է արել», վարչապետը պատասխանեց. «Ճիշտ չէ էմոցիոնալ պատասխանի վրա կառուցել քաղաքական դեբատներ կամ նախապատրաստվել ավելի կոշտ ու կոպիտ պատասխանների»: Վարչապետը հույս հայտնեց, որ այդ միջադեպը կարելի է համարել հարթված, և պետք է ամեն ինչ անել, որ երկխոսություն կայանա: