Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Մեզ մի քաշեք էն ճահիճը, որտեղ գաղտնի ձևով տարի ու կես գործընթացներ են արվել: Մենք դեմ ենք բոլոր նիստերը փակ անելուն»,-ԱԺ նիստում հայտարարեց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը՝ մեկնաբանելով ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Դավիթ Հարությունյանի առաջարկը` գազամատակարարման ոլորտի խնդիրների հարցով ժամանակավոր հանձնաժողովի նիստերը դռնփակ անցկացնել:
Նա նշեց, որ ՀԱԿ պատգամավորները բազմաթիվ անգամ շեշտել են, որ գազի հարցով իրենք քաղաքական մոտիվացիա չունեն, դա այն հարցն է, որը հետաքրքրում է յուրաքանչյուր քաղաքացու: «Ինչքան ուզում եք դիվիդենդ շահեք, ձեր գործն է, ես ունեմ մեկ շահագրգռվածություն` բացեք այն գաղտնիքները, որոնք մինչ այս պահը չեն ունեցել պատասխան»,- ասաց Արամ Մանուկյանը: Նրա համոզմամբ՝ եթե ընդդիմությունը չբարձրացներ այդ հարցերը ԱԺ-ում ու չհրապարակայնացներ, ապա այսօր քաղաքական մեծամասնությունը չէր բարձրացնի այդ և ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցերը:
«Պարո'ն Հարությունյան, Դուք շարունակում եք կառավարության գաղտնի այդ գործելաոճը: Հանձնաժողովը պաշտպանված կլինի, եթե բաց լինի, Դավի'թ ջան, փակի դեպքում պաշտպանված չեք լինելու: Մեզ ուզում եք տանել մի արգահատելի գործի, ինչի զոհն ենք մենք, քանի որ այդպես փակ են գործել կառավարության անդամները: Ինչո՞ւ է առաջանում գաղտնիության անհրաժեշռտություն, ես չեմ հասկանում, ի՞նչ գաղտնիության մթնոլորտ եք ստեղծում նորից: Ինչո՞ւ եք նորից շարունակում խորհրդավորությունը»,- ասաց Արամ Մանուկյանը՝ հավելելով, որ ԱԺ-ն այն հարթակն է, երբ ժողովուրդը պետք է հրապարակային հետևի այդ կարևոր հարցի ուսումնասիրմանն ու քննարկումներին:
Նա նշեց, որ հանձնաժողովը կարող է անցկացնել փակ նիստեր, եթե դրա անհրաժեշտությունը լինի, եթե պետական գաղտնիքի խնդիր լինի, մնացած դեպքերում անիմաստ է նիստերը դռփակ անելը: «Իմ բերանը փակում եք, որ ինֆորմացիան չկարողանամ հասցնել լրատվամիջոցներին»,- ասաց ՀԱԿ պատգամավորը:
Նշենք, որ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը նույնպես իր տարակուսանքը և անհամաձայնությունը հայտնեց դռնփակ ձևաչափով նիստերի կապակցությամբ: