Օգնության խնդրանքով դիմել են Ռիտա Սարգսյանին, բայց` ապարդյուն
Երևանի հանրակացարաններից մեկում սուղ սոցիալական պայմաններում գոյատևում են Տաթև Ավագյանը և նրա դուստրը` առաջին կարգի հաշմանդամ Աշխեն Ավագյանը: Նախկինում նրանք գոյատևում էին Աշխենի 18 հազար դրամ թոշակով` գումարած Տաթևի 45 հազար դրամ` հավաքարարի աշխատավարձը և 16 հազար դրամ ընտանեկան նպաստը: Բայց հիմա կառավարությունը նրանց զրկել է ընտանեկան նպաստից, քանի որ Տաթև Ավագյանը խնդրել է իր աշխատավայրում, որ ձևակերպեն իր աշխատավարձը, որովհետև մոտենում էր թոշակի անցնելու տարիքը և կարևոր էր աշխատանքային ստաժ ունենալը: Այժմ մնացել են 64 հազար դրամ ընտանեկան բյուջեի հույսին, այն դեպքում, երբ առաջին կարգի հաշմանդամ դուստրը առողջական խնդիրներ ունի: Դուստրը` Աշխեն Ավագյանը շտապում է ասել, որ իրենց միակ օգնողը և թիկունք կանգնողը իր դպրոցի տնօրեն, «Ժառանգություն» կուսակցության անդամ Անահիտ Բախշյանն է, ով միշտ ուշադրության կենտրոնում է պահում իր աշակերտուհուն և օգնում ինչով կարողանում է: