Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Գրիբոյեդով» ակումբը հրաշալի ակումբ է, ուր հավաքվում են գիտակից ու խելացի մարդիկ: Այն հիմնել է հայտնի լրագրող Դմիտրի Կիսելյովը, ով Մոսկվայից գալիս է ակումբի հավաքներին: Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում ասաց երգչուհի, ԱԺ պատգամավոր Շուշան Պետրոսյանը:
Նրա խոսքով` այդ ակումբի հավաքներին մասնակցելով` ամեն անգամ հնարավորություն է ստեղծվում, որ հայ մտավորականները, հասարակական ու քաղաքական գործիչները հանդիպեն որևէ ռուս հայտնի գրողի, ռեժիսորի կամ լրագրողի հետ: Ակումբում ծավալվում են հաճելի զրույցներ ու բանավեճեր` մշակութային թեմաներից սկսած մինչև աշխարհի կարևորագույն իրադարձությունների վերաբերյալ քննարկումներ:
Շուշան Պետրոսյանը, սակայն, հերքում է, թե Կիսելյովի նպատակն է Հայաստանում պրոպագանդել պուտինյան քաղաքականությունը: «Այդ երեկոներին բոլորովին ոչ մի քաղաքական բան չի պրոպագանդվում: Մարդիկ երբեմն չեն կարողանում հանդուժել որևէ լավ բան, ասենք` որ Երևանում դեռ կան մտածողներ, մշակույթի գործիչներ, որոնք կարող են հանդիպել հայտնի մարդու, քաղաքական գործչի, մտավորականի, գրողի կամ ռեժիսորի հետ»,- ասաց նա:
Շուշան Պետրոսյանը նաև նշեց, որ ակումբը բոլորովին գաղտնիք չէ, այն գործում է բացահայտ` արդեն 2 տարի, ունի իր կայքը: Ավելին` յուրաքանչյուր գործիչ, որ գալիս է Հայաստան` այդ ակումբին հյուր, նախապես մամուլի ասուլիս է հրավիրում: Դիտարկմանը, որ ակումբի անդամ լինելը դիտարկվում է որպես ռուսամետ քաղաքականության կողմնակից, Շուշան Պետրոսյանը պատասխանեց, որ ինչպիսի ինտեգրում էլ որդեգրի Հայաստանը, կարևորը սեփական դեմքը չկորցնելն է: «Ես չգիտեի, որ պարոն Կիսելյովին Մեծ Հայքի գավառների մշակույթի ու պատմության մասին ներկայացնելը համարվում է ռուսամետություն: Օրինակ` վերջին հանդիպման ժամանակ երգել եմ մի չքնաղ հայկական երգ: Եվ ռուս գրողներից մեկը հետո գրել էր. «Շուշանի երգը մնաց իմ մտքում ու սրտում»,- ասաց երգչուհին` հավելելով, որ իր քաղաքականությունը տանում է նաև երգով ու հայկական մշակույթը ներկայացնելով:
Շուշան Պետրոսյանի համոզմամբ` կարևոր է աշխարհին ներկայացնել մեր իսկական հայկական մշակույթը, որովհետև այն մշակույթը, որը ներկայացվում է Ռուսաստանում` իբրև հայկական մշակույթ, երգչուհու համոզմամբ, բավական հեռու է իրական հայկական մշակույթից: Նա կարևորեց ակումբի գործունեությունը, որովհետև այն ունի կրթական, մշակութային նշանակություն, սակայն մամուլում ակումբի մասին գրվում են միմիայն բացասական բնույթի կարծիքներ: «Օրինակ` գրել էին, թե արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն էլ է մասնակցել այդ ակումբի հավաքներից մեկին, բայց նման բան չկա, նա չի եղել այդ ակումբում»,- ասաց Շուշան Պետրոսյանը: