կարևոր
3634 դիտում, 8 ամիս առաջ - 2024-02-29 10:51
Քաղաքական

Որոշել են «խոպանչիներին» ֆռռացնել․ «Հրապարակ»

Որոշել են «խոպանչիներին» ֆռռացնել․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Խոպանչիներին» հարկելու վերաբերյալ օրենքի նախագծով այս տարվանից արտագնա աշխատանքի մեկնածները պետք է հարկ վճարեն նաեւ Հայաստանում: Ըստ նախագծի՝ տարեկան 12 միլիոն դրամը գերազանցող եկամուտ ունեցող անձը Ռուսաստանում արտագնա աշխատանք կատարելիս վճարում է 13 տոկոս եկամտահարկ, իսկ Հայաստանում եկամտահարկը եկամտի 20 տոկոսն է կազմում, եւ այդ 7 տոկոսի տարբերությունը ՀՀ իշխանությունը որոշել է գանձել Ռուսաստան մեկնողներից։ 

«Խոպանչիների» բունտից մոտ մեկ շաբաթ անց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը խորհրդարանում շտապեց հայտարարել, թե իբր e-draft համակարգում տեղադրված է Հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին նախագիծը, որով նախատեսվում է, որ եթե օտարերկրյա պետությունում հարկի գումարը պահվել է հարկ վճարողից, ապա Հայաստանում տարբերության մասով հարկային պարտավորություն չի առաջանալու: Այսինքն՝ մինչեւ համապատասխան օրենսդրական փոփոխությունների իրականացումը, ՊԵԿ-ը ձեռնպահ կմնա հարկային վարչարարություն իրականացնելուց` ներառյալ արգելադրում, գանձումներ եւ այլն: Իսկ ովքեր մինչ այս պահը ՊԵԿ-ից ստացել էին ծանուցումներ եւ վճարել էին եկամտային հարկի տարբերությունը, հետ կստանան վճարված գումարները՝ նախագծով առաջարկվող կարգավորումների համաձայն։ Բադասյանի ասածը վերաբերում էր միայն 2020-2023թթ․-ներին ստացված եկամտին։ Սա արձանագրվեց՝ իբրեւ թե ՊԵԿ-ը նահանջել է՝ հաշվի առնելով, որ մարդիկ անակնկալի են եկել հարկվելու մասին տեղեկությունից եւ պատրաստ չեն «մարսելու» այս իրողությունը: Մինչդեռ սա ընդամենը նշանակում է, որ չեն հարկվելու նախորդ տարիների համար, բայց հարկվելու են 2024-ից սկսած ստացած եկամտի համար, եթե այն գերազանցում է 12 միլիոն դրամ եկամուտը։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը հստակեցնում է՝ իշխանությունները չեն հրաժարվում արտագնա աշխատանքի մեկնողներին՝ «խոպանչիներին» հարկելու մտքից, այլ ժողովրդի աչքին թոզ փչելու խորամանկ քայլ են մտածել։ Դանիելյանի խոսքով՝ ՊԵԿ-ն այս մեթոդով ընդամենը սառեցրել է հարկման թեման, որպեսզի սկսեն հանրային լսումներ, իրազեկման գործընթաց, ապա փուլ առ փուլ անցնեն հարկելուն։ «Այս ընթացքում արտագնա աշխատանքի մեկնողները դուրս եկան, ճանապարհ փակեցին։ Ընդվզման ալիքի վրա` հասկանալով, որ իրավիճակը կարող է հավասարակշռությունից դուրս գալ, որոշեցին սառեցնել գործընթացը։ Էս պահը կանցնի, փուլ առ փուլ կկիրառեն հարկման օրենքը։ Լրամշակում են անելու ուղղակի»,-ասաց պատգամավորը։

Ըստ նրա՝ դեռ նախորդ տարի ընդունված որոշմամբ 2024 թվականից բոլոր քաղաքացիների եկամուտների համընդհանուր հայտարարագրում է ներկայացվելու, եւ իշխանությունը կոպեկ առ կոպեկ վերահսկելու է բոլորի եկամուտներն ու ծախսերը։ «Ասելու են՝ այսքան գումար ես հայտարարագրել, 1000 դրամ ավել ես ծախսել, պիտի դրա պատասխանը տաս։ Ուղիղ մտնում են մարդկանց գրպանն ու կոնտրոլի տակ պահում։ Մարդիկ դժգոհում են թանկացումներից, առաջին անհրաժեշտության պարագաներից սկսած` մինչեւ բնակարանային վարձեր։ Փոքր ու միջին բիզնեսներին տրված արտոնություններն էլ են վերացրել, լրացուցիչ հարկատեսակներ են մտցրել, իրենց հերթին բողոքում են ավտոներկրողները։ Այս ամենի հետ մեկտեղ ավելացել են արտագաղթի տեմպերը՝ այս ընթացքում Հայաստանից գնացել է 30 հազար մարդ։ Ամեն ինչ գնում է նրան, որ մեր երկրում ապրելը դառնում է անհնար»,- ընդգծեց պատգամավորը։ 

Հիշեցնենք, որ հանրային քննարկման է ներկայացվել «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով օրենսդրական փոփոխություններ են նախատեսվում օտարերկրյա պետություններում ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձանց ստացած հարկվող եկամտից եկամտային հարկը վճարելու վերաբերյալ։ Նախագիծը տեղադրված է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական www.e-draft.am կայքում։ Նախագծով առաջարկվում է շեմ սահմանել, որից ցածր եկամուտները  «չեն համարվում եկամտային հարկով հարկման օբյեկտ», շեմը 12 միլիոն դրամն է։ Նախագծով սահմանվում է, որ նշված դրույթը չի տարածվում այն ռեզիդենտ ֆիզիկական անձանց վրա, ովքեր հիշյալ եկամուտներն ստացել են հեռավար եղանակով՝ ՀՀ տարածքում աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման դիմաց։ Նշված դրույթը չի տարածվում նաեւ այն ռեզիդենտ ֆիզիկական անձանց վրա, ովքեր համապատասխան եկամուտները ստացել են կառավարության սահմանած հարկման հատուկ ազատական համակարգեր ունեցող երկրներում (աշխարհագրական տարածքներում) գրանցված (հաշվառված) կազմակերպություններից: Շահագրգիռ անձանց առաջարկվում է նախագծի վերաբերյալ իրենց առաջարկություններն ու դիտարկումները ներկայացնել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական www.e-draft.am կայքում՝ մինչեւ մարտի 12-ը։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում