Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր կառավարության հաստատմանն էր ներկայացրել որոշման մի նախագիծ, որով առաջարկվում էր մայիսի 16-ն ընդգրկել ՀՀ տոների եւ հիշատակի օրերի ցուցակում որպես Ուսանողների եւ երիտասարդների օր: Այդ օրը Հայաստանի առաջին բուհի` Երեւանի պետական համալսարանի հիմնադրման օրն է, որն էլ Աշոտյանն առաջարկում է դարձնել համաուսանողական ու համաերիտասարդական սեփական` ազգային տոն:
«Ուսանողության եւ երիտասարդության օրերը Հայաստանում բավականին լայն նշվում են, սակայն դրան զուգահեռ մենք կարիք ունենք նաեւ, ազգային կրթական համակարգի պատմությունից ելնելով, սեփական ազգային տոնն ունենալ: Այս կապակցությամբ, նաեւ մի շարք երկրների օրինակով, կարծում ենք, որ այդ օրը կարող է լինել երկրի առաջին բուհի հիմնադրման օրը` որպես ուսանողության եւ երիտասարդության համար համապատասխան խորհրդանշական նշանակություն ունեցող օր»,- ասաց ԿԳ նախարարը:
Վարչապետ Տիգրան Սարգսյանը հետաքրքրվեց, թե տարվա ընթացքում քանի՞ երիտասարդական տոն ենք նշելու: Նախարարը պատասխանեց, որ միակ պետականը լինելու է այս տոնը' մայիսի 16-ը, նաեւ հավելեց, թե խորհրդանշական է, որ հենց այս տարի է այդ որոշումը կայացվում, քանի որ այս տարի լրանում է ԵՊՀ հիմնադրման 95-ամյակը: Նա ասաց նաեւ, որ միջազգային տոները, սակայն, շատ են` օգոստոսի 12, նոյեմբերի 10, նոյեմբերի 17: Անգամ ՄԱԿ-ի կողմից հաստատված միջազգային օրերի ցանկը շուրջ 100-ն է, եւ այդ բոլոր օրերը տեղափոխել ազգային տոնացույց նպատակահարմար չէ:
«Կարծում եմ, որ առավել նպատակահարմար է մեր ազգային պատմության այս կամ այն խորհրդանշական օրերը մեզ համար դարձնենք կարեւորագույն եւ ոչ թե պատճենահանենք այս կամ այն, ՄԱԿ-ի այս կամ այն օրվա ընդունված որոշման հետ կապված սիմվոլիզմը»,- ասաց Արմեն Աշոտյանը:
Վարչապետը դիտարկում կատարեց, թե երկրները նման օրեր ֆիքսելիս փորձում են այնպես անել, որ նման օրերը տարվա ընթացքում համաչափ բաշխված լինեն եւ նշեց. «Հիմա ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ մայիսի վրա մեզ մոտ տոների քանակությունը շատ-շատ է լինում»:
Աշոտյանն էլ ասաց, թե սա աշխատանքային օր է լինելու, սակայն վարչապետը, հասկանալով հանդերձ, նշեց, թե աշխատանքային կամ ոչ աշխատանքային, կապ չունի, ուղղակի պետք է այնպես անել, որ տոները տարվա ընթացքում հավասարաչափ բաշխված լինեն:
«Որ ասում են` մայիսը հաղթանակների ամիս է, հետեւաբար` կարելի է մայիսին բացառությամբ նայել, պարո'ն վարչապետ, նենց որ...»,- ասաց Արմեն Աշոտյանը:
«Կարելի ա՞ առաջարկ» արտահայտությամբ հարցի քննարկմանը միացավ տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանն ու նշեց, թե նոյեմբերի 17-ն արդեն վերջին 10 տարիների ընթացքում հայ ուսանողները մեծ սիրով տոնում են: «Պարտադիր ա՞ անպայման մենք մերն ունենանք: Միջազգայինի հետ միասին անեն, է'լի: Արդեն սովորել են: Մեկ ա, որ սա ընդունվի, մնացած սաղ տոների հետ միասին ուսանողները տարվա մեջ երկու անգամ էդ տոնը նշելու են, դրա համար թող 17-ը լինի, արդեն սովորել են»,- իր առաջարկը ներկայացրեց Գագիկ Բեգլարյանը:
Վարչապետն էլ ժպտալով, թե. «Աշոտյանը առաջարկում է երեք անգամ տոնել»: Աշոտյանն իր հերթին նշեց, թե ուսանողի համար ամեն օրն է տոն, մի մասը ֆորմալ է, մի մասը` ոչ...
«Պարոն Բեգլարյանի առաջարկությունը նույնպես քննարկվել է մի քանի անգամ, խնդիրն այն է, որ հատկապես երիտասարդության ազգային դաստիարակության համատեքստում այդ օրը պետք է տանել, կենտրոնացնել եւ ֆիքսել, ֆոկուսացնել ազգային ակունքների վրա: Բայց նոյեմբերի 1-ը, 17-ն էլի շարունակելու են նշել: Էդ շատ լավ է, որ նաեւ քաղաքական ուժեր, տարբեր կազմակերպություններ այդ օրերին միջոցառումներ են անում, բայց կրթական համակարգի բովանդակության ազգայնացման տեսակետից կարեւոր է նաեւ այդ սիմվոլիզմը տեղավորել մեր պատմության մեջ»,- ասաց նա:
«Շատ լավ, ազգայնացնենք այս տոնը»,- ասաց Տիգրան Սարգսյանը եւ հայտարարեց որ որոշումն ընդունվում է: