կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-04-18 21:07
Հասարակություն

Տաքսու ոլորտը կարգավորելու համար Գագիկ Բեգլարյանն առաջարկում է ստեղծել մասնագիտական հանձնաժողով

Տաքսու ոլորտը կարգավորելու համար Գագիկ Բեգլարյանն առաջարկում է ստեղծել մասնագիտական հանձնաժողով

Տրանսպորտի և կապի նախարարության մամուլի ծառայութունից հայտնում են, որ այսօր նախարարի պաշտոնակատար Գագիկ Բեգլարյանը հանդիպել է Վարորդների իրավունքների պաշտպանության «Քաղաքացիական դիրքորոշում» հասարակական կազմակերպության նախագահ Գեւորգ Դոստուրյանի, Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանի, ՀՀ տաքսի ծառայությունների ճյուղային միության նախագահ Վահագն Սահակյանի, մարդատար տաքսի ավտոմեքենաներով ուղեւորափոխադրումներ իրականացնող մի շարք տնտեսվարողների հետ:

 

Տաքսի ծառայությունների ոլորտի ներկայացուցիչներին առանձնապես հետաքրքրում էր այդ ոլորտում առկա խնդիրների օրենսդրական կարգավորման ընթացքը:

 

Գագիկ Բեգլարյանը նշել է, որ նախարարությունը եւս մտահոգ է այդ խնդիրներով, որոնք կարգավորելու նպատակով էլ ՀՀ կառավարության օրենսդրական նախաձեռնությամբ Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացվել համապատասխան օրենսդրական փաթեթ, որն արդեն ընդունվել է երկրորդ ընթերցմամբ: Նոր օրենքով նախատեսվում է ավելի պարզեցնել ու հստակեցնել լիցենզավորման ընթացակարգերը, տաքսիների ու կանոնավոր ուղեւորափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների համար հանել դեղին համարանիշների պահանջը` այն փոխարինելով ինքնակպչուն ներդիրներով: Օրենքը նպատակ ունի բարեփոխել նաեւ մատուցվող ծառայությունների որակը:

 

Գագիկ Բեգլարյանն ընդգծել է բարեփոխումները շարունակական դարձնելու անհրաժեշտությունը՝ առաջարկելով ստեղծել մասնագիտական հանձնաժողով, որում ընդգրկված կլինեն ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության ու շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչներ: Հանձնաժողովն, այսօր արդեն ձեռնարկվող քայլերին զուգահեռ, ամենօրյա ուշադրության կենտրոնում կպահի տաքսու վարորդներին եւ սպառողներին հուզող խնդիրները, միջոցներ կձեռնարկի դրանց շուտափույթ եւ հիմնավոր լուծման ուղղությամբ: