կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-01-09 16:47
Քաղաքական

Վարչապետը վախենում է ՀՀԿ-ից

Վարչապետը վախենում է ՀՀԿ-ից

Առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն այսօր «Գովազդի մասին» ՀՀ օրենքում ԱԺ ՀՀԿ խմբակցության մի խումբ պատգամավորների ներկայացրած` փոփոխություններ եւ լրացումներ կատարելու օրենսդրական նախաձեռնությանը բացասական եզրակացություն տալու նախագիծ էր ներկայացրել կառավարության հաստատմանը: Այդ փոփոխություն-լրացումներով, մասնավորապես, առաջարկվում էր հանել հեռուստատեսությամբ թունդ ալկոհոլային խմիչքների գովազդի արգելքը եւ այն փոխարինել մասնակի արգելքով` սահմանելով ալկոհոլի գովազդի ժամեր եւ դրանով իսկ լրացուցիչ ֆինանսական միջոցներ ապահովելով հեռուստաընկերությունների համար:

 

Սակայն նիստի ժամանակ բավականին ուշագրավ վարքագիծ դրսեւորեց վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նա հանկարծ որոշեց, որ չպետք է «միանգամից» բացասական եզրակացություն տալ ՀՀԿ-ական պատգամավորների օրենսդրական նախաձեռնությանը: «Ես առաջարկում եմ ևս մեկ անգամ հեղինակների հետ քննարկել այս նախագիծը, որովհետև ընդհանրապես վատ նախադեպ է, երբ մեր կուսակից գործընկերները օրենսդրական նախաձեռնությամբ են հանդես գալիս, իսկ կառավարությունը բացասական կարծիք է տալիս: Եվս մեկ անգամ քննարկենք, փորձենք փոխադարձ ընդունելի լուծումներ գտնել, քանի որ խոսքը Հանրապետական խմբակցության պատգամավորների մասին է»,- հայտարարեց Տիգրան Սարգսյանը:

 

Կարելի է երկար վիճել` ՀՀԿ-ական պատգամավորները հեռուստաընկերությունների կողմնակի' հավելյալ եկամուտ ստանալու մղումո՞վ են առաջնորդվել այս նախագիծը «հղանալիս», թե՞ ալկոհոլային խմիչքների ու սիգարետների բիզնեսի շահերով: Բայց հատկանշական է մեկ այլ երեւույթ, որ երեւակվեց վարչապետի հայտարարությամբ' եթե օրենսդրական նախաձեռնությամբ հանդես են գալիս ՀՀԿ-ականները, ապա դրանք մերժելը վատ նախադեպ է ստեղծում...

 

Վարչապետի հայտարարության տրամաբանությամբ' չի կարելի միանգամից բացասական եզրակացություն տալ նաեւ, եթե ՀՀԿ-ական պատգավորները հանկարծ հանդես գան, օրինակ, մի այնպիսի օրենսդրական նախաձեռնությամբ, որով  Արամուս գյուղում աճած գազարներին սոցիալական նպաստ պետք է տրվի, քանի որ վատ նախադեպ կարող է ստեղծվել...

 

Վարչապետի դիրքորոշման մեջ այսպիսի «ուղեգծային փոփոխությունը», բնականաբար, քաղաքական ենթատեքստ ունի եւ, ամենայն հավանականությամբ, անմիջականորեն կապված է Ռոբերտ Քոչարյանի հայտնի հարցազրույցի ու անձամբ իր «հակադարձման» հետ: Չէ՞ որ վարչապետի աթոռի ոտքերը վաղուց են սղոցվում ԲՀԿ-ի կողմից, իսկ հիմա էլ երկրորդ նախագահն է դա անում: Եվ եթե ՀՀԿ-ականներն էլ իրենց ուշադրությունը կենտրոնացնեն վարչապետի վրա...

 

Մի խոսքով' տպավորություն է ստեղծվում, թե այս «խառնակ ժամանակներում»  Տիգրան Սարգսյանը ցանկանում է սիրաշահել կուսակից գործընկերներին կամ գոնե  որոշ ժամանակ նրանց հետ պահել իր դեմ դուրս գալու հնարավորությունից: Եվ նոր սկսվող տարում կառավարության հենց առաջին նիստում ստեղծված հենց առաջին առիթը նա փորձեց միանգամից օգտագործել այս ուղղությամբ: Եվ գրողի ծոցը կորչի այն, որ սեփական կուսակիցներին չնեղացնելու, «վատ նախադեպ չստեղծելու» մղումը կարող է, օրինակ, դեռահասների մոտ բացասական հակումներ առաջացնել դեպի թունդ ալկոհոլային խմիչքներն ու սիգարետը: Կարեւորը, որ «խոսքը հանրապետական պատգամավորների մասին է»...


Գևորգ ԱՎՉՅԱՆ