կարևոր
1747 դիտում, 12 ժամ առաջ - 2026-01-09 19:02
Աշխարհ

Քրդական խմբավորումները հրաժարվել են հեռանալ Հալեպից

Քրդական խմբավորումները հրաժարվել են հեռանալ Հալեպից

Հալեպում քրդական խմբավորումները հունվարի 9-ին խոստացել են պաշտպանել իրենց թաղամասերը Սիրիայի կառավարական ուժերից՝ մերժելով Դամասկոսի կողմից հայտարարված հրադադարի պայմանները։ Սիրիայի իշխանությունները պահանջում են քուրդ զինյալներից դուրս գալ Հալեպից, որտեղ այս շաբաթ բախումներ են տեղի ունեցել։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

Նշվում է, որ առնվազն 9 քաղաքացիական անձ զոհվել է, ավելի քան 140 000-ը լքել են իրենց տները: Ո՛չ կառավարությունը, ո՛չ էլ քրդական ուժերը չեն հայտնել իրենց ուժերի շրջանում զոհերի թվի մասին։

Գիշերը պաշտպանության նախարարության կողմից հայտարարված հրադադարով պահանջվում էր մինչև հունվարի 9-ի առավոտյան ժամը 9։00-ն քրդական ուժերի դուրսբերում Հալեպից դեպի քրդերի կողմից վերահսկվող հյուսիս-արևելք: Դա փաստացի վերջ կդներ քրդերի վերահսկողությանը Հալեպի այն հատվածների նկատմամբ, որոնք քրդական ուժերը վերահսկում էին 2011 թվականին սկսված սիրիական հակամարտության առաջին օրերից ի վեր:

Այդուհանդերձ, Հալեպի Շեյխ Մակսուդ և Աշրաֆիա շրջանները կառավարող քրդական խորհուրդները հայտարարության մեջ նշել են, որ հեռանալու կոչերը «հանձնվելու կոչ» են, և որ քրդական ուժերը փոխարենը «կպաշտպանեն իրենց թաղամասերը»։ Նրանք նաև կառավարական ուժերին մեղադրել են ինտենսիվ հրետակոծության մեջ։ Ըստ Սիրիայի կառավարական ուժերի՝ նշված հրադադարի ընթացքում քրդական ուժերը դուրս չեն եկել Հալեպից։

Ըստ որոշ հրապարակումների՝ «Սիրիայի դեմոկրատական ուժերի» զինյալները նաև կրակ են բացել իրենց տեղափոխելու համար նախատեսված ավտոբուսների վրա։