կարևոր
2410 դիտում, 9 ժամ առաջ - 2026-01-10 01:13
Հասարակություն

Իրական հավատացյալը Սուրբ Պատարագներին շրջիկ չի լինում․ Տեր Գաբրիել քահանա Վարդանյան 

Իրական հավատացյալը Սուրբ Պատարագներին շրջիկ չի լինում․ Տեր Գաբրիել քահանա Վարդանյան 

 Նիկոլ Փաշինյանը կոչ է անում հավատացյալներին Եկեղեցիներում անհարկի կերպով միջամտելու Սրբազան Պատարագների արարողությանը, շրջիկ կերպով այցելելու ամենատարբեր համայնքներ ու Եկեղեցիներ եւ խանգարելու Սրբազան Պատարագի կանոնական ընթացքը։ Ըստ այսմ, կուզեի մի հարց բարձրաձայնել, որն առնչվում է մեր հոգևոր կյանքի հիմքերին, մեր եկեղեցու ավանդույթներին և հավատքի իրական իմաստին։

Իրական հավատացյալը Սուրբ Պատարագներին շրջիկ չի լինում։ Նա չի հայտնվում պատահաբար այստեղ կամ այնտեղ, այլ ունի հստակ համայնք, որի անդամն է, մասնակցում է ծեսերին և հոգևոր կյանքին, ապրում է՝ այդ համայնքի մի մաս լինելով։ Նման հավատացյալը կարող է մասնակցել բոլոր արարողություններին, բայց նա երբեք չի կարող պահանջել կրճատելու, աղճատելու կամ կատարելու որեւէ Սրբազան արարողություն այնպես, ինչպես ինքը հարմար է համարում։

Սուրբ Պատարագը մեր ժողովրդի հոգևոր կյանքի անբաժանելի մաս է, դարերով հաստատված սրբազան ծես է, որի կարգերն ու ընթացքը ձևավորվել են Քրիստոսավանդ պատգամներով, Եկեղեցական հայրերի մշակած կանոններով եւ դրանց հանդեպ սերունդների խոնարհ հարգանքով և հոգևոր փորձառությամբ։ Անհարկի զեղչումները կամ փոփոխությունները չեն կարող «բարելավել» այն, այլ հակառակը՝ կասկածի տակ են դնում ծեսի վավերականությունը։ Երբ խոսքը հասնում է սրբազան ծեսի փոփոխմանը, անգամ աշխարհիկ ամենաբարձր պաշտոնը չի տալիս իրավունք ազդելու հոգևոր ընթացակարգերի ընկալյալ եւ սերնդեսերունդ փոխանցված իրողությունների վրա։
Սուրբ Պատարագի անխախտությունը ապահովում է Նրա վավերականությունը, Եկեղեցու միասնությունը եւ Քրիստոսի պատգամի՝ «Այս արեք իմ հիշատակի համար» (Ղուկ. 22։19) անփոփոխելիությունը։

Դարերով հաստատված ծեսերը մեր հոգևոր ժառանգությունն են, և դրանց անաղարտությունը հենց մեր հավատքի ուժն է։

Որդիական անսասան հավատարմությամբ, ամուր եւ եկեղեցականին հարիր գիտակցությամբ՝ իմ ուխտն եմ վերահաստատում առ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, առ ազգընտիր Ամենայն Հայոց Հայրապետը՝ Ն. Ս. Օ. Տ. Տ Գարեգին Երկրորդը։

Տեր Գաբրիել քահանա Վարդանյան