կարևոր
1690 դիտում, 13 ժամ առաջ - 2026-01-09 16:52
Աշխարհ

Իսրայելական ուժերը ներխուժել են սիրիական գյուղեր

Իսրայելական ուժերը ներխուժել են սիրիական գյուղեր

Իսրայելական ուժերը հունվարի 9-ի առավոտյան ներխուժել են սիրիական Կունեյտրայի շրջանի մի քանի գյուղ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է SANA գործակալությունը։

Երեք մեքենաներից բաղկացած իսրայելական շարասյունը առաջ է շարժվել Աբու Ղիթար անցակետից՝ ուղևորվելով դեպի  Կունեյտրայի Սաիդա ալ-Գոլան գյուղ։

Գործակալության թղթակիցը հայտնել է, որ իսրայելական ուժերը ժամանակավոր անցակետ են տեղակայել Սաիդա ալ-Գոլան և առ-Ռազանիա գյուղերը միացնող ճանապարհին նախքան այնտեղից հեռանալը։

Syria TV-ի տեղեկացմամբ՝ իսրայելական ուժերն ազատ են արձակել Կունեյտրա նահանգից չորս երիտասարդի, որոնք ձերբակալվել էին հունվարի 8-ի առավոտյան։

Տեղեկություններ են հաղորդվում նաև այն մասին, որ հունվարի 7-ին իսրայելական մեքենաներից բաղկացած պարեկախումբը շարժվել է դեպի ալ-Ասբահ գյուղ և Ահմար բլրի վրա բարձրացրել Իսրայելի դրոշը։

2024 թ. դեկտեմբերին Սիրիայի նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի իշխանությունից հեռանալուց հետո Իսրայելը շարունակում է խախտումներ իրականացնել՝ գրեթե ամեն օր ներխուժելով սիրիական Կունեյտրայի և Դարաայի շրջանների բնակավայրեր։

Իսրայելը դիմել է նաև սահմանային շրջաններում ռմբակոծությունների՝ խախտելով միջազգային իրավունքի կանոնները, ՄԱԿ-ի՝ պետական ​​ինքնիշխանության վերաբերյալ բանաձևերը և 1974 թվականին կնքված անջատման մասին համաձայնագիրը, որը բուֆերային գոտի էր ստեղծում երկու երկրի միջև։

Սիրիան շարունակում է պահանջել Իսրայելի ուժերի դուրսբերումը իր տարածքից՝ ընդգծելով, որ Իսրայելի կողմից հարավային Սիրիայում ձեռնարկված բոլոր միջոցառումներն անօրինական են։ Սիրիան կոչ է անում միջազգային հանրությանը քայլեր ձեռնարկել՝ կանխելու օկուպացիոն գործողությունները և ստիպելու Իսրայելին ամբողջությամբ դուրս գալ հարավային Սիրիայից։