կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-01-09 14:54
Տնտեսական

Պարզ լիցենզիա ստանալու դիմումների քննարկման ժամկետները կրճատվեցին

Պարզ լիցենզիա ստանալու դիմումների քննարկման ժամկետները կրճատվեցին

Այլեւս կարիք չկա էլեկտրոնային եղանակով պարզ լիցենզիա ստանալու համար դիմումի պատասխանին սպասել 20-30 օր. կառավարությունն այսօր որոշեց կրճատել ֆինանսների նախարարության կողմից պարզ ընթացակարգերով տրվող լիցենզիաներ ստանալու համար էլեկտրոնային եղանակով ներկայացվող դիմումներին քննարկման ժամկետները:

 

Ըստ այդմ, ինչպես նշեց ֆինանսների նախարարը, նախկինում այդ դիմումների քննարկումը կատարվում էր 30-օրյա ժամկետում, իսկ այժմ կիրականացվի 10-օրյա ժամկետում: Նա տեղեկացրեց կառավարությանը, որ ֆինանսների նախարարությունում, ընդհանրապես, 48 ժամ է տրված այդ գործառույթի համար' ներքին հրահանգներով: Այսինքն' եթե որեւէ բիզնես դիմում է պարզ լիցենզիա ստանալու համար, նախարարությունը 48 ժամվա ընթացքում կա'մ տրամադրում, կա'մ մերժում է դիմումը: Բացի ֆինանսների նախարարությունից, այլ գերատեսչություններ պարզ լիցենզիաներ չեն տըրամադրում: «Եվ իմ ներքին հրահանգով արդեն մոտ 2 ամիս է` նման կարգ է գործում»,- իրավիճակը ներկայացրեց Դավիթ Սարգսյանը:

 

Վարչապետ Տիգրան Սարգսյանը հետաքրքրվեց, թե որեւիցե արձագանք կա՞ այդ առումով, ինչին ֆինանսների նախարարը պատասխանեց, որ ինքն` անձամբ, որեւէ արձագանք չի լսել, բայց իրենք իսկապես 48 ժամում են այդ լիցենզիաները տրամադրում: Պարզ լիցենզիայի համար միայն պետական տուրքը պետք է վճարեն ու ներկայացնեն դիմում, ուրիշ որեւէ փաստաթուղթ ներկայացնելու կարիք չկա:

 

«Իսկ բարդ լիցենզիաների՞ դեպքում»,- հետաքրքրվեց վարչապետը: Դավիթ Սարգսյանը պատասխանեց, որ բարդ լիցենզիաները շուրջ 70-ն են, դրանք տրամադրվում են տարբեր գերատեսչությունների կողմից` ըստ գերատեսչական պատկանելության: «Համենայն դեպս, մեր էլեկտրոնային համակարգը թույլ է տալիս բոլոր գերատեսչություններում, բացի Կենտրոնական բանկից ու հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից, եթե չեմ սխալվում, ներկայացնել էլեկտրոնային կարգով լիցենզիա ստանալու դիմում»,- եզրափակեց Դավիթ Սարգսյանը: