Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ախալքալաքի բնակիչները մեկ անգամ չէ, որ դիմել են Jnews.ge կայքին՝ բողոքելով, որ Արդարադատության տան աշխատակիցները թույլ չեն տալիս շփվել իրենց և աշխատակիցների համար հասկանալի հայերեն լեզվով, և թյուրըմբռնումների պատճառով մարդիկ հաճախ ստիպված են լինում մի քանի անգամ փաստաթղթեր ներկայացնել, որպեսզի հայտը լիարժեք լինի: Մինչդեռ դա ժամանակի ու ֆինանսների կորուստ է:
Արդարադատության տունն այն վայրն է, որտեղ յուրաքանչյուր մարդ մոտ 450 պետական և մասնավոր բնույթի ծառայություններ ստանալու իրավունք ունի: Ախալքալաքում դրանք միշտ չէ, որ հասանելի են՝ լեզվական խոչընդոտների պատճառով:
Jnews.ge-ի լրագրողի հարցին, թե ինչո՞ւ ազգությամբ հայ աշխատակցուհին անհրաժեշտ տեղեկությունները չի ներկայացնում հայ հաճախորդին երկուսի համար էլ հասկանալի հայերեն լեզվով, նա պատասխանել է, որ ներքին կանոններն իրեն թույլ չեն տալիս տեղեկատվությունը ներկայացնել հայերենով:
Շրջանում, որտեղ բնակչության մեծ մասը էթնիկ հայեր են, և խնդիրներ կան պետական լեզվի հետ կապված, այդ փաստը հանգեցնում է վեճերի ու թյուրըմբռնման:
«Ես հասկանում եմ վրացերեն, բայց՝ վատ: Մի քանի անգամ հայեր են ինձ սպասարկել: Մեկին հարցրեցի՝ ինչո՞ւ հայերեն չի խոսում, ոչինչ չպատասխանեց: Այստեղ հիմնականում հայեր են ապրում: Տղամարդիկ խոպան են գնում, փաստաթղթեր ձևակերպելը մնում է կանանց վրա, որոնք ո՛չ վրացերեն գիտեն, ո՛չ ռուսերեն: Իսկ նրանք պետք է և՛ վրացերեն իմանան, և՛ ռուսերեն, և՛ հայերեն: Սա պետական հիմնարկ է, և նրանք պարտավոր են բնակչությանը բացատրել, այլ ոչ թե փաստի առջև կանգնեցնել: Եթե միմյանց հասկանան, մի քանի անգամ այստեղ-այնտեղ գնալու հարկ չի լինի»,- կայքին ասել է Դիլիսկա գյուղի մի բնակչուհի:
Ընդ որում՝ եթե երիտասարդները քիչ թե շատ տիրապետում են վրացերենին, ավագ սերունդն այդ առումով խնդիր ունի:
Jnews.ge կայքի բազմաթիվ պաշտոնական, գրավոր և բանավոր հարցումների արդյունքում Վրաստանի Արդարադատության տունը հայտնել է, որ գործավարությունը Վրաստանի բոլոր պետական հիմնարկներում իրականացվում է վրացերեն լեզվով: Սակայն բողոքողները չեն նշում, թե դժգոհում են, որ փաստաթղթերը վրացերենով են պահանջում, այդ առումով խնդիր չկա, քանի որ Արդարադատության տանը կից թարգմանիչներ են աշխատում: Բողոքը վերաբերում է աշխատակիցների ու հաճախորդների շփումներին: Բայց այդ կապակցությամբ կայքին տրված պատասխանում խոսք չկա, միայն նշվում է. «Առանձնահատուկ ցանկանում ենք նշել, որ Արդարադատության տունը հարգում է բոլոր մարդկանց մշակութային ինքնությունը, ինչպեսև ազգային փոքրամասնություն ներկայացնող յուրաքանչյուր անձի լեզվական ու էթնիկ ինքնությունը: Մենք ձգտում ենք աջակցել բոլոր շահագրգիռ անձանց, որոնք չեն տիրապետում պետական լեզվին Արդարադատության տան ծառայություններից օգտվելու համար: Սակայն աջակցությունը չի ենթադրում օրենքի պահանջների անտեսում: Արդարադատության տունը որևէ քաղաքացու չի հրաժարվել ծառայություն մատուցել պետական լեզվի չիմացության պատճառով, եթե հաշվի են առնվել ընդհանուր վարչական օրենսգրքի պահանջները: Ուշագրավ է, որ օգտվողները հստակ ընկալում են օրենքի այդ պահանջը, ինչը ողջունվում է մեր կողմից»: