կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2013-12-27 11:10
Առանց Կատեգորիա

Պրոֆեսիոնալ գիշակերնե՞ր, թե՞ մարդ լրագրողներ

Պրոֆեսիոնալ գիշակերնե՞ր, թե՞ մարդ լրագրողներ

Լրատվական կայքերը շարունակում են քննարկել` էթիկայի սահմաններու՞մ էր դեկտեմբերի 23-ին ԱԺ արտահերթ նիստում լրագրողների ցուցադրած վարքագիծը։ Հակաէթիկական համարողներն ասում են, որ լրագրողը պետք է չեզոք մնա ցանկացած իրավիճակում։ Տվյալ իրավիճակում էթիկան չկարեւորողներն ասում են, որ լրագրողը նախ քաղաքացի է, հետո միայն լրագրող։ Թեման քննարկողների մեկ այլ հատված առաջարկում է կողմնորոշվել՝ ինչպե՞ս պետք է վարվի լրագրողը, եթե իր տեսախցիկի առաջ մարդ են սպանում՝ օգնի՞ զոհին դուրս պրծնել փորձանքից, թե՞ շարունակի նկարահանել։ Պատասխանեմ հերթով։

 

Պրոֆեսիոնալ լրագրողը պրոֆեսիոնալ է ցանկացած իրավիճակում։ Պրոֆեսիոնալ է անգամ նրա միջամտությունը։ Այսինքն` օգնությունը։ Որովհետեւ եթե ինքը մարդ չլինի, չի լինի պրոֆեսիոնալ։  Այսինքն` հետագա բոլոր հասկացությունները՝ էթիկա, պրոֆեսիոնալիզմ, օգնություն, արհամարհանք, գոյություն ունեն, որովհետեւ մարդկային են։ Այսինքն` նախ տարածվում են մարդու վրա։ Իր վրա տարածելուց հետո է մարդն այդ հասկացությունները տարածում, դիցուք, կենդանիների վրա։ Օրինակ` հավատարիմ շուն, խորամանկ աղվես, հնազանդ ոչխար։ Իմաստավորումը մարդունն է, ոչ թե շանը, աղվեսինը եւ ոչխարինը։ Նրանք, ովքեր առաջարկում են լրագրողին սուր, ճակատագրական իրավիճակներում մնալ պրոֆեսիոնալ, սովորաբար նկատի ունեն պատերազմական այն դրվագների լուսաբանումը, որոնցում լրագրողն անձնական կողմ չունի։ Այսինքն` իր հարազատներն այդ պատերազմում ներքաշված չեն։ Այսինքն` սիրտը ոչ մեկի համար չի ցավում, շատ-շատ կարող է մտածել հակամարտության գոտում գտնվող երեխաների մասին, բայց որոնց վիճակը կփորձի համադրել իդեալական կադր ստանալու հնարավորության հետ։ Պարզ է, որ այսպիսի լրագրողն, անկասկած, պրոֆեսիոնալ է, բայց մարդ չէ։ Մարդ չէ, որովհետեւ իրենից օտարել է հակամարտող կողմերի կյանքի իրավունք ունենալու շահը։ Այսինքն` ուրիշի կյանքի իրավունքը նրա կյանքի իրավունքը չէ։ Սա է պրոֆեսիոնալ լրագրողը։ Կամ՝ նաեւ սա է։ Հայտնի լուսանկարիչը, որը բռնեցրել էր մեռնող երեխային հետեւող գիշակեր անգղի սպասումը, պրոֆեսիոնալ լուսանկարչի բացառիկ օրինակ է։ Ինչո՞ւ։ Որովհետեւ պրոֆեսիոնալիզմը մարդ լինելու դետալ չէ, պրոֆեսիոնալիզմը մարդ լինելու բաղադրյալ է։ Այսինքն` սկզբից պիտի մարդ լինես, չես կարող սկզբից պրոֆեսիոնալ լինել։ Հետեւաբար` լուսանկարիչը, որն սպասել է դրվագի կատարելությանը, այդ պահին մարդ չէ։ Եթե նա մարդ լիներ, կօգներ երեխային։ Հասարակ է հնչում, բայց հզոր բառ է «օգնելը»։ Պետք է օգներ, որովհետեւ այդ երեխան քարի կտոր չէր։ Չի օգնել, որովհետեւ աշխատանքը կարեկցանք չի սիրում։ Ահա, թե ինչ դավադրություն է թաքնված պրոֆեսիոնալիզմի մասին խոսողների լեզվի տակ, նրանք բացառում են կարեկցանքը, որը խանգարում է աշխատանքին։ Եվ մեր դիագնոստիկ եզրակացությունը սա է։

 

Օգնությունն աշխատանք չէ, լուսանկարելն ու հարցազրույց վերցնելը աշխատանք է։ Ահա, թե ինչն են խառնում պրոֆեսիոնալիզմին թեր եւ դեմ խոսողները։ Ինքնասպան լինողին պետք է օգնել։ Չեն օգնում, որովհետեւ էդ օգնության մեջ փառք ու փող չկա, մեռնող երեխային, որի թիկունքում սպասում է անգղը, նկարելն աշխատանք է, մարդը դրա համար միլիոններ է վաստակելու, մրցանակներ է ստանալու, փառք է իջնելու նրա վրա։ Պրոֆեսիոնալիզմի մասին խոսակցությունն անլուրջ է փորձանքի մեջ ընկածին օգնել-չօգնելու հարցին դեմ հանդիման։ Եթե պրոֆեսիոնալ ես, ուրեմն մարդ չես։ Որովհետեւ դու պիտի օգնես նրան, հո ես չեմ օգնելու, որ էդ փորձանքից տեղյակ չեմ։ Անունը լրագրող եք դնում, որպեսզի փիլիսոփայելը հաճելի լինի։ Ասում եմ ձեզ` լրագրողներ ու չլրագրողներ չկան, կան մարդիկ. եթե նրանց օգնության կարիքն է զգացվում, պետք է օգնել։ Լրագրողներն ԱԺ-ում հասկացել են, որ պետք է օգնել մարդկանց, որոնք խնդրին տեղյակ չեն կամ խնդիրը չեն ընկալում։ Էն, որ չեն ընկալում, լրագրողի խնդիրն է, բայց մինչ ինքը կշարունակի բացատրել, օրենքն ընդունվում է։ Ընդ որում` ինքը գիտի, որ իր բողոքն էլ գործին չի օգնի, բայց քահանայի աղոթքն էլ մեռնողին չի կենդանացնում, բայց նա աղոթում է, չէ՞։

 

Սեյրան Հանոյան