կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2013-12-26 18:02
Հասարակություն

Ոստիկանությունում ուսումնասիրում են Տարոն Մարգարյանի թեզի պաշտպանության ''հետևանքները''

Ոստիկանությունում ուսումնասիրում են Տարոն Մարգարյանի թեզի պաշտպանության ''հետևանքները''

Արդեն տեղեկացրել ենք, թե տնտեսագիտական համալսարանում ինչ խայտառակ իրավիճակ էր տիրում քաղաքապետ Տարոն Մարգարյանի թեզի պաշտպանության ընթացքում: Տարոն Մարգարյանն այսօր իր թեզը պաշտպանեց... լրագրողներից: Մի խումբ երիտասարդներ արել են ամեն ինչ` հայհոյել, սադրել ու խոչընդոտել, որպեսզի լրագրողները չկարողանան լուսաբանել Տարոն Մարգարյանի թեզի պաշտպանությունը:

 

Խախտվել է Քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածը: Yerkir.am-ի հետ զրույցում ոստիկանության լրատվության բաժնի պետ Արմեն Մալխասյանն ասաց, որ գործն ուսումնասիրվում է ոստիկանությունում:

 

Հիշեցնենք, որ 164-րդ հոդվածը նախատեսնում է`

1. Լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը կամ նրան տեղեկություններ տարածելուն կամ տարածելուց հրաժարվելուն հարկադրելը՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով:

2. Նույն արարքները, որոնք կատարել է պաշտոնատար անձն իր պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ պատժվում են տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից յոթհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:

3. Սույն հոդվածի առաջին և երկրորդ մասերով նախատեսված արարքները, որոնք կատարվել են լրագրողի կամ նրա մերձավորի կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով` պատժվում են ազատազրկմամբ` երեքից յոթ տարի ժամկետով: