կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2013-12-24 13:27
Քաղաքական

Սաշիկ Սարգսյանի եւ Խաչատուր Սուքիասյանի հարաբերությունները երբևէ լարված չե՞ն եղել

Սաշիկ Սարգսյանի եւ Խաչատուր Սուքիասյանի հարաբերությունները երբևէ լարված չե՞ն եղել

Մոտ մեկ տարի առաջ մամուլում տեղեկություններ տարածվեցին, թե ռեստորաններից մեկի մոտ վեճ է ծագել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր` ԱԺ նախկին պատգամավոր Ալեքսանդր /Սաշիկ/ Սարգսյանի որդու` Նարեկի և գործարար Խաչատուր Սուքիասյանի եղբոր` Էդուարդի միջև: Մամուլում այն ժամանակ հրապարակված տեղեկությունների համաձայն` Ալեքսանդր Սարգսյանի որդին, շրջապատված թիկնապահներով, խանգարել է մարդկանց անդորրը և հայհոյանքներ տեղացել, այնուհետև օդ է կրակել, ապա` անհայտ պատճառով քաշքշոց է սկսվել նրա և Էդուարդ  Սուքիասյանի միջև: Լուրեր հրապարակվեցին, թե Սերժ Սարգսյանի եղբորորդու շրջապատի մարդիկ հրազեն են կիրառել, Էդուարդ Սուքիասյանն էլ ոտքից վիրավորվել է: Թեման այնքան հասունացավ, որ անգամ ԱԺ ամբիոնից հարցը բարձրացվեց: Ոստիկանությունն, իհարկե, որոշ ժամանակ անց հերքեց տեղեկությունը, բայց իշխանական որոշ շրջանակներ պնդում էին, որ, իրոք, նման միջադեպ եղել է:

 

Yerkir.am-ի տեղեկություններով` կողմերը, սկսած 2000-ական թվականներից, բավական նորմալ հարաբերություններ ունեն: Ավելին` միջադեպը, որը կողմերին մոտ կանգնած աղբյուրներն այսօր հերքում են, այնքան էլ թեժ չի եղել, ինչպես ներկայացրեց մամուլը: Սաշիկ Սարգսյանի և Խաչատուր Սուքիասյանի հարաբերություններն այսօր այնքան լավ են, որ Սաշիկ Սարգսյանն առանց որևէ կաշկանդվածության այցելում է Խաչատուր Սուքիասյանին պատկանող օբյեկտները:

 

Yerkir.am-ն, օրինակ, ականատես է եղել, թե ինչպես 10 օր առաջ` կեսօրից հետո, մի քանի գործարարների ու պատգամավորների ուղեկցությամբ, Սաշիկ Սարգսյանն այցելել է Խաչատուր Սուքիասյանի` Աբովյան փողոցում գտնվող օբյեկտներից մեկը: Նրան հրավիրել էին «մի կտոր հաց ուտելու», իսկ եթե որևէ մեկի հարկի տակ հաց ես կիսում, հետևությունը մեկն է` հարաբերությունները լարված չեն կարող լինել, իսկ նման մարդկանց համար, ամեն քայլը, իրոք, հաշվարկ է և չգրված օրենք:

 

Հարկ է նշել, որ այն ժամանակ նաև տեղեկություն հրապարակվեց, որ Ալեքսանդր Սարգսյանի որդին` Նարեկը, և Էդուարդ Սուքիասյանն ալկոհոլի ազդեցության տակ են եղել: Գուցե կողմերի` «ալկոհոլի ազդեցության տակ լինելու» փաստն է հետո առիթ եղել, որ ծագած վիճաբանությունը հարթվի և անցնի-գնա: