կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2013-12-20 14:50
Քաղաքական

Իսկ եթե ''Գազպրոմ''-ը որոշի իր բաժնետոմսերը վաճառել Ադրբեջանին եւ Թուրքիային...

Իսկ եթե ''Գազպրոմ''-ը որոշի իր բաժնետոմսերը վաճառել Ադրբեջանին եւ Թուրքիային...

Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանում «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հարցրեց նախարար Արմեն Մովսիսյանին` եթե ՌԴ-ն որոշի, որ իր բաժնետոմսերը վաճառելու է Թուրքիային և Ադրբեջանին, Հայաստանն ի՞նչ լծակներ ունի՝ կանխելու նման դեպքերը:

 

Հարցին ի պատասխան, Արմեն Մովսիսյանը հայտնեց, որ համաձայնագրում շատ պարզ նշված է, թե ում իրավունք ունեն վաճառելու բաժնետոմսերը: Ռուսական «Գազպրոմ» ընկերությունն, ըստ նախարարի, կարող է բաժնետոմսերը վաճառել միայն իրեն փոխկապակցված ընկերություններին, այն էլ` միայն բաժնետոմսերի 49 տոկոսը և միայն Հայաստանի համաձայնությամբ:

 

ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հարցրեց նախարարին. «Ինչո՞ւ եք համաձայնել ավելի թանկ գազ գնել, ինչո՞ւ եք խախտել Սահմանադրությունը, ինչո՞վ կարող եք արդարացնել պետական դավաճանության հավասարվող այս հանցանքը: Եվ եթե ավելի էժան գազ ներկրելու հնարավորություն լինի, Ռուսաստանը կհամաձայնի՞, արդյոք, և ինչպե՞ս են գործարկվելու նոր բաշխիչ խողովակները»:


Արմեն Մովսիսյանը պատասխանեց, որ այդ գործարքում օրենսդրական խախտում չի եղել: «Կառավարությունը ոչ մի օրենք չի խախատել»,- ասաց նա` հավելելով, որ եթե Հայաստանն ավելի էժան գազ ներկրելու հնարավորություն ունեցավ, ռուսական կողմը դեմ չի լինի և պարտավոր է բաշխիչ ցանց անցկացնել Հայաստանում:

 

Լևոն Զուրաբյանը հարցրեց, թե ինչո՞ւ այդ պարտավորությունը ամրագրված չէ համաձայնագրում, ընդհակառակը` այդ համաձայնագիրը իրենից ներկայացնում է «Գազպրոմ»-ի արտոնությունների ցուցակ: Պատգամավորը նաեւ պահանջեց նախարարից հիմնավորում տալ, որ կառավարությունը օրենք չի խախտել:

 

«Որևիցե օրենքի խախտում չի եղել, յոթ անգամ կարող եմ նույնը կրկնել»,- ասաց Արմեն Մովսիսյանը:


ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն էլ հարցրեց, թե ինչո՞ւ երեք հարյուր միլիոն պարտքը, որպես պետական պարտք, որևէ ձևով ձևակերպված չէ: Եվ ովքե՞ր են «Հայռուսգազարդ»-ի քսան տոկոսը գնահատել 155 միլիոն դոլար:

 

Նախարարը պատասխանեց, որ պետական պարտքը ձևակերպված չէ, որովհետև բանակցությունների ընթացքում դեռ չգիտեին, թե որքան է կազմելու պարտքը, բանակցություններն ավարտվել են հիմա, և հիմա է պարզ դարձել այդ պարտքի չափը, որի կեսը ռուսական կողմը վերցրել է իր վրա: Իսկ «Հայռուսգազարդ»-ի քսան տոկոսի գինը որոշել են փորձագետները:

 

Արամ Մանուկյանը արձագանքեց նախարարին` ասելով. «Փորձագետների ասածը հիմք չէ: Դիմում եմ Հանրապետական կուսակցությանն ու Հովիկ Աբրահամյանին: Կնքվել է քսաներկու արձանագրություն, որից միայն երկուսին են պատգամավորները ծանոթ: Պարո'ն Աբրահամյան, մինչև բոլոր քսաներկու արձանագրությունները չկարդաք, այս քվեարկությունը չանեք, որովհետև Դուք էլ չեք կարդացել: Գգուցե շան գլուխը էնտեղ է թաղված»: