կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2013-12-10 16:10
Քաղաքական

ՀՅԴ-ն Երեւանում ամենօրյա քաղաքական ներկայություն է ապահովելու

ՀՅԴ-ն Երեւանում ամենօրյա քաղաքական ներկայություն է ապահովելու

Ցավոք, ՀՅԴ-ն Երեւանի  ավագանիում ներկայացված չէ, եւ այնտեղ իր տեսակետները քաղաքական ֆորմալ  ձեւաչափով արտահայտելու հնարավորություն չունի, բայց դա չի նշանակում, թե քաղաքապետին կից հանրային խորհուրդներում այդ  տեսակետները չի կարող արտահայտել. լրագրողներին այսօր ասաց ՀՅԴ Երեւանի մարզային կոմիտեի ներկայացուցիչ Լիլիթ Գալստյանը: Նա տեղեկացրեց, որ քաղաքապետին կից հանրային խորհուրդներում  ՀՅԴ Երեւանի մարզային կոմիտեն ակտիվորեն ներկայացնելու է իր մոտեցումներն ու տեսակետները:

 

«Ամենակարեւորը` քաղաքական ուժի, կուսակցության խնդիրը նախեւառաջ մոտեցումների հրապարակայնացումն է: Եվ մեր մյուս կողմում ոչ այնքան իշխանություններն են, որքան մեր համաքաղաքացիներին մեր մոտեցումները հասկանալի դարձնելը եւ նրանց իրավունքների պաշտպանը լինելը»,- ասաց Լիլիթ Գալստյանը:

 

Ինչ վերաբերում է ՀՅԴ Երեւանի կառույցի' Երեւանի զարգացման ծրագրի ու բյուջեի վերաբերյալ մոտեցումներին ու ծրագրերին, որոնք ներկայացվել են քաղաքապետարան, ապա դրանցում, ինչպես նշեց բանախոսը, ոչ միայն խնդիրներն են մատնանշվում, այլեւ դրանց լուծման բանաձեւեր են առաջարկվում: Լիլիթ Գալստյանը նաեւ ասաց, որ այդ բանաձեւերը բխում են ՀՅԴ արժեքային համակարգից, նախընտրական ծրագրերից, հանրությանը տված խոստումներից, բայց, անշուշտ, առանցքում ունեն Երեւանի ու երեւանցու շահը:

 

«Այս առաջարկությունը ներկայացրել ենք քաղաքապետարան: Մեզ ասացին, որ` այո', ճիշտ է այն քննադատությունը, որ ծրագրային բյուջետավորում քաղաքապետարանը դեռ չունի, բայց նախատեսում է 2015 թվականից անցնել բյուջետային ծրագրավորման: Այս պատասխանը շատ ենք լսում' առայժմ միջոցենր չունենք, հաշվի կառնենք, կքննարկենք եւ այլն»,- ասաց Լիլիթ Գալստյանը' հավելելով, որ ՀՅԴ արժեքների տիրույթում իրենք  պետք է լինեն ամենուր, ուր երեւանցու իրավունքներն են ոտնահարվում:

 

ՀՅԴ Երեւանի մարզային կոմիտեի ներկայացուցիչը նշեց նաեւ, թե իրենք չեն պատրաստվում պարզապես ներկայացնել իրենց մոտեցումներն ու, ձեռքները ծալած, մնալ. ՀՅԴ Երեւանի մարզային կառույցը Երեւանում քաղաքական ներկայություն է ապահովելու' ամենօրյա ներկայություն: