կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2019-12-28 19:23
Հասարակություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նա մեր պատմության մեջ այլևս վավերական ներկայություն է. այսօր Վահան Հովհաննիսյանի հիշատակի օրն է

Ես հերքում եմ այն միտքը, որ անփոխարինելի մարդիկ չկան. Վահանն իր տեսակով, իր նշանակությամբ, առաքելությամբ և նաև հենց իր բացակայությամբ իսկապես ցույց է տալիս՝ լինում են անփոխարինելի մարդիկ, և Վահանն այդ անփոխարինելին է. ՀՅԴ Բյուրոյի անդամ, Գերմանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վահան Հովհաննիսյանի մահվան 5-րդ տարելիցին նվիրված հիշատակի արարողության ժամանակ Yerkir.am-ի հետ զրույցում նշեց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Լիլիթ Գալստյանը։

Հինգ տարի առաջ այս օրը՝ դեկտեմբերի 28-ին, երկարատև ու ծանր հիվանդության մեջ Գերմանիայում իր մահկանացուն կնքեց Վահան Հովհաննիսյանը։ Երևանի Կենտրոնական գերեզմանատանն ամփոփված նրա շիրիմին այցի եկած հարազատները, կուսակցական – գաղափարական ընկերներն ու մտերիմները վերստին հիշում և արժևորում են մեծանուն գործչի անցած ուղին։

«Հինգ տարի է, որ Դաշնակցության մեջ որոշումներ են կայացվում առանց մեր ընկերոջ, և հաճախակի՝ դժվար որոշումներ։ Մենք շատ կուզենայինք, որ ընկեր Վահանն այդ որոշումների մեջ իր ներդրումն ունենար, իր ճկուն միտքը, իր նուրբ հումորը, իր արադարացի դիրքորոշումն արտահայտեր», - նշեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, բժիշկ-ազատամարտիկ Տարոն Տոնոյանն ու փաստեց. Վահան Հովհաննիսյանը դեռ Դաշնակցության՝ Հայաստան վերադարձից շատ առաջ էր իրենց հետ, քանի որ նրա հայրը (երջանկահիշատակ Էդուարդ Հովհաննիսյանը՝ խմբ.) կանգնած էր ՀՅԴ հայաստանյան կառույցի վերստեղծման ակունքներում։

«Վահանի տեղը շատ ենք զգում բոլորս՝ և՛ մենք, որ իր ընկերն ենք, զինակիցն ու գաղափարակիցը, և՛ մեր պետականությունը։ Եվ ինչքան մեր պետությունն ապրում է մարտահրավերների, տագնապների և խռոված իրականության մեջ, այնքան Վահան տեսակի բացը, նրա քաղաքական ու մարդկային կարոտը թանձրանում է։ Մենք միշտ ներքին զրույց ունենք Վահանի հետ՝ ինքը ոնց կմտածեր, ինքը ինչ կաներ», - օրվա խորհրդին ադրադառնալով՝ նշեց Լիլիթ Գալստյանը։

Վահան Հովհաննիսյանի հիշատակի օրվա առիթով բազմաթիվ հրապարակումներ ու արձագանքներ են լսվել նաև սփյուռքից։ Թեհրանի «Ալիք» թերթի «Alikonline.ir» կայքի խմբագիր Արամ Շահնազարյանն այդ կապակցությամբ գրում է. «Հինգ տարի՝ առանց ընկեր Վահանի... Պատկերացնելն էլ է դժւար, հինգ տարի՝ առանց Վահան Յովհաննիսեանի: 2014 թվականի այս օրը՝ դեկտեմբերի 28-ին, արդի հայ քաղաքական միտքը կորցրեց իր ամենավառ անհատականութիւններից մէկին՝ Վահան Յովհաննիսեանին:
Հայ հասրակական-քաղաքական միտքը մի բան էր Վահան Յովհաննիսեանով, մի այլ բան՝ առանց նրա: Նոյնն է նաեւ մեր ընտնիքի՝ Հայ Յեղափոխական Դաշնակցութեան պարագային:
Քաղաքական դաշտին իրենց «թաւշէ» ներկայութիւնը պարտադրող անհասցէների, կամ էլ ՄԱՐԴԱՑԱԾ ՅԻՍՈՒՍ ձեւացող «նւիրեալների», «յեղափոխականների» եւ «ազատամիտների» գինարբուքի մեր գորշ օրերում, առաւել քան երբեւէ զգացւում է ընկեր Վահանի՝ նմանը չունեցող ինտելեկտի, սկզբունքայնութեան եւ գաղափարականի բացառիկ կերպարի կարիքը»:

Հնգամյա հեռավորությունից՝ Լիլիթ Գալստյանն այսպես է բնորոշում Վահան Հովհաննիսյանին. «Վահանն ազգային – պետական գործիչ էր, ում կարիքը հայոց պետականությունը շատ ունի, մանավանդ՝ այս օրերին, երբ կքված մեջքով է ապրում մեր պետականությունը, որոհետև Վահանի խոսքը վերքը սպիացնող էր, Վահանը ճիշտ ախտորոշողն էր, նա նույնիսկ իր քաղաքական հումորով, պետական մարդուն բնորոշ հայրապետական բարձր զգացողությամբ  քաղաքական այլ բևեռում գտնվող մարդուն առանց թշնամանքի (ինչը մեր օրերում ծաղկում է ապրում) ճիշտ ճանապարհը ցույց տալու ձև ուներ»։

Վահան Հովհաննիսյանի մեկ այլ ընկեր՝ Պարույր Սանթրոսյանը, հիշատակի օրվա նախօրյակին գրել է. «Վաղը կգնամ Վահանի գերեզմանին` արդեն 5-րդ տարին անընդմեջ։ Ահագին մարդ ներկա կլինի, երևի։ Կխոսեն, կհիշեն, կտխրեն։ Վերջին տարիների դեկտեմբերի 28-ին ես լռում եմ։ Հատկապես կլռեմ այս տարի։ Հետո, չնայած չեմ խմում, բայց հաստատ մի բաժակ կխմեմ` էլի լուռ, մենակ։ Ու քանզի մարդիկ անցել են բոլոր բարոյական սահմանները, գուցե գտնվեն այնպիսիք, ովքեր վաղը Վահանին էլ կհայհոյեն։ Չեմ զարմանա։ Ի վերջո, եթե օրդ հայհոյանքով ես սկսում, ինչ տարբերություն ում կհայհոյես` տղամարդու թե կնոջ, մանկավարժի թե ֆուտբոլիստի, կյանքին հրաժեշտ տված մարդուն թե առկա մաղձից հեռացածներին երանի տվողին։ Ու կսպասեմ, որ գա էն օրը, երբ կգնամ Վահանի գերեզմանին հետը զրուցելու ու չլռելու։ Շատ բան կա պատմելու…»։

«Վահանի մեջ ազգային խիղճը կար, որի պակասը մենք բոլորս ենք զգում, որովհետև Վահանը մեր լավ տեսակի երակից էր գալիս։ Լավ տեսակի երակ ասելով նկատի ունեմ ազգի ցավով ապրող Խորենացուց մինչ այսօրվա քաղաքացին, ով կրում է մեր ինքնության պատասխանատվությունը», - Yerkir.am-ին շարունակեց իր մտորումները փոխանցել ՀՅԴ ԳՄ անդամ Լիլիթ Գալստյանը՝ ընդգծելով. չափազանց շատ է զգում նաև  Վահան Հովհաննիսյան մարդկային տեսակի բացը. «…որովհետև ինքն իմ կուսակցական և գաղափարական ընկերոջից զատ նաև մարդկային ընկերն էր՝ հարազատ տեսակ, ում հետ լինելը քեզ ուժ և համոզում էր տալիս, ինքդ քո ճշմարտացիության մեջ կասկածելու առիթ չէր տալիս, և Վահանի հետ իսկապես կարելի էր «պարտիզանության» գնալ»։

Իսկ այդպիսի «պարտիզանական ճակատները» քիչ չեն եղել. Լիլիթ Գալստյանը հիշում է՝ ինչ հպարտություն է ապրել ոչ միայն ՀՅԴ կուսակցության համար, այլև մեր պետության համար, երբ Վահան Հովհաննիսյանի հետ եղել է արտաքին ճակատում՝ հիմնադրելով «Եվրանեսթ» խորհրդարանական ձևաչափը։

Վահան Հովհաննիսյանի պետական մտածելակերպը, նրա նուրբ հումորը, ջերմ ընկերասիրությունը արժեքներ են Տարոն Տոնոյանի համար։ Ըստ նրա՝ օր – օրի որքան դժվարությունների ենք հանդիպում, այնքան ավելի է զգացվում Վահանի պակասը։ ՀՅԴ ԳՄ անդամը մշտապես ինքն իրեն հարց է տալիս՝ Վահանը եթե լիներ՝ ինքն ինչպե՞ս կվարվեր, ի՞նչ լուծում կտար այս կամ այն հարցին։

Տարոն Տոնոյանն այդուհանդերձ, հանձինս ներկա սերնդի, տեսնում է Վահան Հովհաննիսյանի գործի և գաղափարների շարունակողին. «Դժվար է, ինչ խոսք, առանց ընկեր Վահանի, բայց նաև ամոքվում են վերքերը, քանի որ այսօր՝ հինգ տարի անց, մեր շարքերը համալրվում են քաջ երիտասարդներով, նոր Վահան Հովհաննիսյաններով։ Այսօր Վահանի տեղը շատ է երևում, բայց նաև պիտի ասել՝ զուտ ֆիզիկական իմաստով Վահանը հավերժ չպիտի ապրեր, և այստեղ կանգնածները Վահանի գաղափարների հետրևորդներն են։ Վահանը ապրում է՝ քանի կա Դաշնակցությունն իր տեսլականով, վաղվա օրվա հանդեպ իր պայծառ տեսիլքով, այն օրվա, որ պետք է ունենանք մենք՝ թե՛ որպես կուսակցություն, թե՛ որպես պետություն»։

«Վահանը մեր պատմության մեջ այլևս վավերական ներկայություն է». Լիլիթ Գալստյանի հաստատումն է՝ բարձրաձայնված շարունակական մտորումների մեջ։

Վահե Սարգսյան