Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Քաղաքում մի պադյեզդ երեւանցի ենք մնացել` մի առիթով ասել է Ռուբեն Հախվերդյանը: «Շքամուտք»` այսպես է կոչվում ռեժիսոր Լուսինե Սարգսյանի առաջին լիամետրաժ խաղարկային ֆիլմը:
Ֆիլմը բաղկացած է հինգ նովելից, որոնք պատմում են նույն շքամուտքում ապրող մարդկանց մասին: Սցենարի հեղինակներն են` Հարություն Հարությունյանը, Գնել Նալբանդյանը, Կարինե Խոդիկյանը, Հովհաննես Թեքգյոզյանը: Ֆիլմում խաղում են Շանթ Հովհաննիսյանը, Արթուր Կարապետյանը, Սաթենիկ Հախնազարյանը, Վախթանգ Հարությունյանը.…
Ըստ Լուսինե Սարգսյանի` ֆիլմն անդրադարձ է 90-ականներին եւ պատմում է այդ տարիներին եւ դրանից հետո մեր կյանքում տեղի ունեցած քաղաքական, սոցիալական շրջադարձի մասին:
«Մի շքամուտք, մի քաղաք եւ մի աշխարհ` սա է ֆիլմի գաղափարը: Յուրաքանչյուր դռան հետեւում կա մի ճակատագիր, որն ամբողջացնում է 90-ականների սոցիումը: Ֆիլմում կտեսնեք, իհարկե, պատերազմը, արտագնա աշխատանքը, ընկերության կորուստը` ժամանակաշրջանի մութն ու ցուրտն էլ չհաշված: Ֆիլմը սկսվում է մեր օրերից, հետո շրջադարձ կատարում 90-ականներ եւ նորից վերադարձ մեր օրեր»,-ասաց Սարգսյանը:
Ըստ նրա` բոլոր նովելների ավարտն լավատեսական է, քանի որ, ռեժիսորի հավաստմամբ, իրենք մի սերունդ էին, որ ապրեցին 90-ականների անկումային ժամանակաշրջանը, բայց հաղթարահեցին այն, եւ այսօր հենց այդ սերունդն է, որ ավելի ամուր է կանգնած հողին, քանի որ, հաղթահարելով դժվարությունը, սկսում ես գնահատել կյանքի արժեքը:
Նովելներից մեկի հերոսը միայնակ ապրող ազատամարտիկն է, որի կյանքում նոր շրջան է սկսվում, երբ ծանոթանում է հարեւանուհու հետ:Ծանոթությունը եւ հարաբերություններն ազատամարտիկի համար դառնում են ապրելու եւ նոր կյանքի սկիզբ: Մյուս նովելն էլ արտագնա աշխատանքի մասին է. կյանքի բերումով շքամուտքում հանդիպում են մի կին ու տղամարդ, որոնք ժամանակին ապրել են Լեհաստանում: Մեկ ուրիշ նովելը 90-ականների հղի կանանց մասին է…
«Նովելները կառուցված են մարդկային զգացմունքների եւ հարաբերությունների վրա, չկան շատ շեշտված սյուժետային հարուստ գործողություններ: Ֆիլմում ներկայացվում է 90-ականների հետեւանքը մարդկային ճակատագրերի վրա: Տարիների ընթացքում նկատել եմ, որ գնալով մենք կորցրել ենք մեր մարդկությունը, այն, ինչ կար 90-ականներին` շատ ավելի ջերմ ու մարդկային հարաբերություններ էին: Հիմա շատ անտարբեր վիճակ է, բոլորը փակված են իրենց տներում, մտածում են երկիրը լքելու մասին: Ես ծնվել եմ էս քաղաքում, ապրել շատ դժվար տարիներ, ինչպես բոլորը, եւ երբեք չեմ պատկերացրել, թե ինչպես կարելի է մտածել երկրից հեռանալու մասին»,- ասում է Սարգսյանը` հավելելով, որ հիմա եկել է մի պահ, որ պետք է բոլորը հավաքվեն, հետ վերադառնան, քանի որ ոչ մի երկրում անհոգ կյանք չկա:
Ֆիլմի բյուջեն… Բյուջեն բավական փոքր է, սակայն դա ամենեւին էլ չի անդրադառնալու ֆիլմի որակի վրա:
Ֆիլմը կէկրանավորի «Արեմակ» ընկերությունը: Ի դեպ, արդեն նկարահանվել են 4 նովելները, եւ Սարգսյանի հավաստմամբ` շուտով կյանքի կկոչվի նաեւ 5-րդը, իսկ մարտ ամսին արդեն կլինի ֆիլմի պրեմիերան:
Կ. Հ.