կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-06-21 10:55
Մշակույթ

«Շքամուտք». ֆիլմ` իմ ու քո անցյալի, անցած ճանապարհի մասին /լուսանկարներ/

«Շքամուտք». ֆիլմ` իմ ու քո անցյալի, անցած ճանապարհի մասին /լուսանկարներ/

Երեկ «Մոսկվա» կինոթատրոնում տեղի ունեցավ Լուսինե Սարգսյանի «Շքամուտք» ֆիլմի պրեմիերան:

 

Թարգմանիչ, կինոգետ Զավեն Բոյաջյանը yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ նման ֆիլմեր, որոնք կազմված են առանձին նովելներից, բայց որոնք կոչված են ներդաշնակ միասնություն կազմելու, շատ կան: Այս մեթոդը, Բոյաջյանի հավաստմամբ, ժամանակակից կինոյի պատումի կառուցման ամենատարածված մեկն է:

 

«Ուրախ եմ, որ հայկական կինոն փորձում է հեռանալ սյուժեի կառուցման ավանդական եղանակներից, և փորձում ավելի ժամանակակից ձևեր գտնել` այդպիսով կարծես թե ինտեգրվելով այսօր ընդունված համաշխարհային գործընթացներին: Դա, անկասկած, դրական միտում է և պետք է արժևորվի: Սովորաբար, մեր կինոն այնքան էլ ներգրավված չէ սոցիալական թեմատիկայի մեջ, կյանքի իրական շունչը շատ հաճախ պակասում է մեր կինոյում, իսկ «Շքամուտքի» նման ֆիլմերը ստանձնել են մեր անցած կյանքը, մեր ապրած իրականությունը հայկական կինո բերելու գործը, որը շատ դժվար է, քանի որ սեփական ապրածը գեղարվեստական ընդհանրացման շատ բարձր մակարդակով հեշտ չէ ներկայացնել»,- ասաց Բոյաջյանը:

 

Սակայն, Բոյաջյանի հավաստմամբ, հինգ նովելները, որոնք հեղինակել են տարբեր մարդիկ, այնքան էլ չեն կապվում իրար, քանի որ այդ մարդկանց ինքնությունը, գրելաոճը, կինոյի մասին պատկերացումները տարբեր են: Ֆիլմը, կինոգետի կարծիքով, սկսվում է շատ ավելի բարձր նոտայով և ընթացքում իջնում է բարձունքից, իսկ ավարտը «տրաֆարետային» է` լուսաբաց ու մանկան ճիչ:

 

«Մարդկանց կենցաղի, հագուկապի առումով, այո, ֆիլմում կար 90-ականների շունչը, բայց ներկայացված Երևանն ավելի ժամանակակից էր, քան` կար այդ ժամանակներում: Ֆիլմի սկիզբը շատ լավ էր, բայց, ցավոք, հետագա նովելներում գերիշխում է դրամատիկ, երբեմն պաթետիկ նոտաներով համեմված ոճը, որը նահանջ է առաջին նովելի թողած տպավորությունից: Նախորդ նովելների հերոսները չեն հայտնվում հաջորդ նովելներում, որպեսզի «Շքամուտքի» պատկերացումն ամբողջական լինի»,-ասաց Բոյաջյանը:

 

Բոյաջյանն, այնուամենայնիվ, վերջում հավելեց, թե` լավ է, որ նման ֆիլմեր են նկարահանվում, ի վերջո, մեր ապրած պատերազմական ծանր տարիները, որոնք հոգեբանական խոր հետքեր են թողել, պետք է կինոյի միջոցով ներկայացնել:

 

Ֆիլմի ռեժիսոր Լուսինե Սարգսյանն էլ իր հերթին նշեց, որ բավականին դժվար էր հին եւ նոր պատմությունները, հինգ տարբեր թեմատիկայով նովելներն ամբողջացնել մեկ պատմության մեջ:

 

« «Շքամուտքը» իմ, քո, մյուսի անցյալի, անցած ճանապարհի մասին է. ամեն մի դրվագ կյանքից է վերցված: Այս շքամուտքում է արժևորվում կորցրածն ու գտածը, ունեցած-չունեցածը, մարդկային ջերմ հարաբերությունները»,-ասաց Սարգսյանը:

 

Լուսանկարները` yerkir.am-ի: