Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր «Մոսկվա» կինոթատրոնում տեղի կունենա Լուսինե Սարգսյանի «Շքամուտք» ֆիմի պրեմիերան: Ֆիլմը բաղկացած է 5 նովելից, որոնց պատմությունները, սկսվելով 90-ականներից, հասնում են մինչև մեր օրեր:
Լրագրողների հետ զրույցում Լուսինե Սարգսյանը նշեց, որ ֆիլմի կարգախոսն է «Մի մուտք, մի քաղաք, մի մոլորակ», այսինքն` սա փաստում է այն մասին, որ ֆիլմում տեղի ունեցող իրադարձությունները, ճակատագրերը համընդհանուր են:
«Ֆիլմը հասարակ մարդկանց մասին է: Կարծում եմ` այսօրվա հանդիսատեսին հենց անհրաժեշտ են սովորական մարդկային պատմություններ, որոնք իրականությունից կտրված չեն լինի: Մեր ֆիլմում էլ հորինվածքը շատ քիչ տեղ է զբաղեցնում»,- ասաց Սարգսյանը:
Նրա տեղեկացրեց նաև` քանի որ նովելների հեղինակները տարբեր էին, ֆիլմի օպերատորներն էլ երեքն են` տարբեր ձեռագրեր և բնավորություններ ստանալու համար: Ռեժիսորը նշեց, որ ֆիլմի վերջը լավատեսական է, քանի որ նա այդկերպ ցանկացել է այն հավատը, որ կար 90-ականների սերնդի մեջ, փոխանցել նաև ներկայիս երիտասարդներին:
Ֆիլմի սցենարիստներից մեկն էլ` Գնել Նալբանդյանը, իր հերթին նշեց, որ ֆիլմում հանդիսատեսը կա'մ տեսնելու է իրեն, կա'մ էլ վերհիշելու իր մոր, տատի պատմածները` մութ ու ցուրտ տարիների հետ կապված:
«Ես ներկայացրել եմ, թե ինչ է կատարվել 90-ականներին, բայց խնդիրը ոչ այնքան փաստագրությունն է եղել, այլ այն երևույթը` էլ ինչ կարող էր լինել այդ թվերին: Ես պրոֆեսիոնալ չեմ այս ոլորտում, ինչ-որ բաներ եմ գրում, որոնք երբեմն-երբեմն հաջողված են լինում, բայց ուրախ եմ, որ Լուսինեն «Շքամուտք» ֆիլմով աշխատեց մի շարք պրոֆեսիոնալների հետ»,- ասաց Նալբանդյանը:
Ֆիլմի սցենարիստներից մեկ ուրիշն էլ` Հարություն Հարությունյանը, նշեց, որ ինքը նույնպես սցենարիստ չէ, մեկ-մեկ ուղղակի գրում է: Նա տեղեկացրեց, որ իր նովելը` «Մի գնա»-ն, գրվել է 1-2 տարի առաջ, և վերածվել է սցենարի Սարգսյանի հետ աշխատանքի շնորհիվ:
« «Շքամուտքը» շատ է տարբերվելու վերջին շրջանում մեզ մատուցած ֆիլմերից, քանի որ այստեղ, բացի այն հանգամանքից, որ կա թե' կոմեդիա և թե' դրամա, մտածելու տեղ է թողնված: Սա ոչ այնքան կոմերցիոն ֆիլմ է, որքան ուղղակի լավ ֆիլմ կինոսերների համար»,- ասաց Հարությունյանը:
Ի դեպ, ֆիլմը վաղվանից կցուցադրվի «Մոսկվա» կինոթատրոնում: Ֆիլմը կցուցադրվեի նաև «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակներում, այն առաջադրվել է «Հայկական համայնապատկեր» անվանակարգում: