կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2013-12-03 13:29
Քաղաքական

Ռուսական կողմն է կահավորել. ԱԺ-ում հայ-ռուսական բարեկամության ակումբ է բացվել

Ռուսական կողմն է կահավորել. ԱԺ-ում հայ-ռուսական բարեկամության ակումբ է բացվել

Այսօր վաղ առավոտյան ԱԺ-ում բացվել է ռուսական գրքի գրադարան և հայ-ռուսական բարեկամության խորհրդարանական ակումբ: Հիշեցնենք, որ ԱԺ-ում վաղուց ի վեր գործում է առանձին գրադարան, որտեղ քիչ չեն նաեւ ռուսերենով գրքերը: Իսկ իշխանությունների այս քայլը, ոչ այլ ինչ է, եթե ոչ քծնանքի հերթական դրսեւորումը ՌԴ իշխանությունների նկատմամբ:

 

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը ոչ մի առանձնահատուկ բան չի տեսնում, որ ԱԺ-ում բացվել է ռուսական գրքի գրադարան: Նա այդ փաստը նաև չի կապում Պուտինի այցի հետ: Թեև ներկա չի եղել այդ միջոցառմանը, այնուամենայնիվ, դրական է համարում այդ գրադարանի բացումը, քանի որ համարում է, որ «հայ ժողովուրդը միշտ էլ սիրել է գրականություն և հետաքրքրվել է նաև ռուս գրականությամբ, ուստի գրադարանի բացումը կարելի է դիտարկել որպես մշակութային, կրթական երևույթ»:

 

«Ռուսական կողմն է կահավորել, նախաձեռնել: Նույն հաջողությամբ կարող են այլ դեսպանություններ բացել գրադարաններ, նույն հաջողությամբ շուտով ֆրանսիական միջոցառումներ կլինեն»,- Yerkir.am-ի հետ զրույցում հայտնեց Սահակյանը:

 

Նա բնականոն է համարում ռազմավարական դաշնակից Ռուսաստանի հետ բազմակողմանի հարաբերությունների հաստատումը: Իսկ մտահոգությունների հետ կապված, թե հայ ժողովուրդը կամաց-կամաց կարող է կորցնել իր ինքնուրույնությունը, Սահակյանն ասաց, որ իրականում մտահոգվելու բան չկա, քանի որ Հայաստանն ունակ է պաշտպանել իր ինքնուրույնության նկատմամբ ոտնձգությունները: «Ես նաև ուրախանում եմ, որ մարդիկ անտարբեր չեն ու պաշտպանում են իրենց սուվերենությունը: Լավ է, որ անտարբեր չեն»,- ասաց Գալուստ Սահակյանը:

 

Դիտարկմանը, որ սեպտեմբերի 3-ից հետո Հայաստանում առկա է ռուսական ազդեցություն, նա պատասխանեց, որ բոլոր երկրներն էլ հետաքրքրված են Անդրկովկասով: Հարցին` իսկ ո՞ր երկրի ազդեցությունը կար Հայաստանում մինչև սեպտեմբերի 3-ը, պատասխանեց. «Մինչև սեպտեմբերի 3-ը և դրանից հետո ես և բոլորը եղել ենք Հայաստանի և մեր ազգային պետության ազդեցության ներքո»: