կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-06-14 12:00
Քաղաքական

Հայ-ռուսական բարեկամության խորհրդարանական ակումբը արդյո՞ք ճիշտ նպատակին է ծառայում

Հայ-ռուսական բարեկամության խորհրդարանական ակումբը արդյո՞ք ճիշտ նպատակին է ծառայում

Անցյալ տարվա սեպտեմբերի 3-ից հետո, երբ ՀՀ նախագահը հայտարարեց Հայաստանի ինտեգրացիոն ուղղության փոփոխության մասին` ԵՄ-ից շրջադարձ կատարելով դեպի Եվրասիական միություն, ԱԺ-ում բացվեց հայ-ռուսական բարեկամության խորհրդարանական ակումբ` իր գրադարանով: Հայտնի է, որ ՀՀ ԱԺ-ում այլևս ոչ մի ուրիշ ակումբ գոյություն չունի:

 

Դեռ ամիսներ առաջ, երբ Գալուստ Սահակյանը ՀՀԿ խմբակցության ղեկավարն էր, Yerkir.am-ի հարցին, թե ինչո՞ւ այլ երկրների հետ բարեկամության ակումբներ չեն բացվում խորհրդարանում, նա պատասխանել էր, թե շուտով բացվելու են նաև այլ ակումբներ, օրինակ` հայ-ֆրանսիական բարեկամության խորհրդարանական ակումբ:

 

Նույն հարցն ուղղեցինք ՀՀԿ խմբակցության ներկայիս ղեկավար Վահրամ Բաղդասարյանին, թե ինչո՞ւ է խորհրդարանում գործում միայն հայ-ռուսական բարեկամության խորհրդարանական ակումբ, մանավանդ, որ այդտեղ հյուրընկալվող` Ռուսաստանի տարբեր ներկայացուցիչների հայտարարությունները բարեկամի հայտարարարություններ չեն: Նա պատասխանեց, որ խորհրդարանում միայն հայ-ռուսականն է գործում, որովհետև այդ առաջարկը եղել է Ռուսաստանի կողմից, իսկ մյուս երկրների կողմից նման առաջարկություն չի եղել: «Եթե լինի առաջարկություն Ավստրիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի կողմից, դրա մասին էլ կարելի է մտածել: Դա վատ բան չի, ընդհանրապես, բայց եթե ճիշտ նպատակին է ծառայում»,- ասաց Բաղդասարյանը:

 

Մնում է պարզել` արդյո՞ք այդ ակումբն իր ճիշտ նպատակին է ծառայում: