կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2013-12-03 13:10
Քաղաքական

Իշխանությունը` ինչպես վայ մսավաճառը

Իշխանությունը` ինչպես վայ մսավաճառը

Կուտակային կենսաթոշակային համակարգի վերաբերյալ ԱԺ քննարկումների ժամանակ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը նշեց, որ կուտակային կենսաթոշակային համակարգի վերաբերյալ նախագծի քննարկումն ընթանում է դրսում կանգնած քաղաքացիների բողոքի ուղեցկությամբ: Մեջբերելով ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի կոչը կոռեկտ և զրպարտությունից զերծ մնալու վերաբերյալ` Արծվիկ Մինասյանն իր հերթին կոչ արեց քաղաքական մեծամասնությանը` հետևել այդ խորհրդին և տեղի-անտեղի չվիրավորել քաղաքական ընդդիմությանը:

 

Նա նշեց, որ քաղաքական ընդդիմությունը խոսում է ոչ թե ամբողջ ռեֆորմի բացասական հետևանքների մասին, այլ միայն կուտակային բաղադրիչի: «Դա նման է այն երևույթին, երբ մտնում ես մի վայ մսավաճառի մոտ ու խնդրում երկու կիլոգրամ փափուկ միս, բայց նա երկու կիլոգրամ փափուկ մսի հետ միասին երկու կիլոգրամ ոսկոր է տալիս ու ասում` գնա»,- ասաց Արծվիկ Մինասյանը` հավելելով, որ «ռեֆորմ» բառը շատ է շահարկվում, ու դիտավորյալ խեղաթյուրվում է իրականությունը:

 

Պատգամավորը կրկին հիշեցրեց, որ այն երկրները, որոնք գնացել են այդ ռեֆորմների ճանապարհով, հաշվի են առել սոցիալ- տնտեսական վիճակը, բայց Հայաստանում, ուր կան գործազուրկների ու աղքատության մեծ մասշտաբներ, նման բեռ չի կարելի դնել քաղաքացիների վրա: «Սա նշանակում է, որ այդ քաղաքացիներին ասում եք` հեռացեք Հայաստանից, այլևս այստեղ անելիք չունեք»,- ասաց պատգամավորը:

 

Նա նշեց, որ ռեֆորմը կարելի կլիներ իրագործել, եթե մինչ այդ տարվեր աշխատավարձի ճիշտ քաղաքականություն, բացվեին աշխատատեղեր, այլ ոչ թե գումարներն ուղղվեն դեպի ֆինանսական ակտիվներ, որը չի կարողանում ստեղծել հարստություն: Արծվիկ Մինասյանն ասաց, որ սխալ է համեմատություններ անցկացնել քսան տարվա պետականություն ունեցող Հայաստանի ու հինգ հարյուր տարվա պետականություն ունեցող Հոլանդիայի միջև: Ըստ նրա` պահպանողական կուսակցությունը չի տալիս օրենքի հետ կապված բազմաթիվ հարցադրումների պատասխաններ, փոխարենը, անգործությունը քողարկելով, ներկայացվում է, որ այդ գումարները տրվելու են մասնավորին: Նվազ եկամուտ ստացող անձանց նկատմամբ չի ցուցաբերվում արդար մոտեցում, ահա` ինչու անարդար է ցածր եկամուտ ունեցողին ստիպել, որ նա խնայողություն անի:

 

«Այս պայմաններում նման քայլ անելը նշանակում է անհամաչափ ոտնձգություն քաղաքացիների եկամուտների նկատմամբ: Ինչո՞ւ եք լռում, ինչո՞ւ չեք կարողանում մեկ տարով հետաձգել կուտակային բաղադրիչը. այդ ընթացքում կքննարկվեն բոլոր հարցերը, և հետո կդնենք համաժողովրդական հարցման: Բայց այսպես մերժողական, արհամարհական… Սա մոտեցում չի: Սա քաղաքական դիմության և ընդդիմության պայքար չէ, այլ քաղաքացու տարրական շահերի վերաբերյալ վեճ է: Քվեարկության ժամանակ ինքներդ ձեզ հարց կտաք` արդյոք դուք ազնիվ եք»,- ասաց պատգամավորը: