Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօրվա` ընդդեմ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի կիրառման բազմամարդ բողոքի ցույցը մի նշանակալից առանձնահատկություն ուներ` բավական մեծ թիվ էին կազմում ծրագրավորողները, ճարտարագետները, ինֆորմացիոն տեխնոլոգիաների ոլորտի մասնագետները: Այդ հանգամանքը անչափ կարեւոր ահազանգ պետք է հանդիսանար իշխող վերնախավի համար. բողոքի ցույցի են դուրս եկել այն մարդիկ, որոնց համակարգիչներից կտրելն ու փողոց հանելն ուղղակի գերմարդկային լարում ու ջանք է պահանջում` հրաշագործություն:
Ժողովրդական տարբերակով ասած` «կամպյուտրշիկ»-ների մասնագիտության տեր մարդիկ, ըստ հոգեբանների, որոշակի բնավորության ու խառնվածքի տեր են: Նախ, հաշվի առնելով նրանց մասնագիտական առանձնահատկությունները, խիստ պրագմատիկ ու ռեալիստական մտածելակերպով են օժտված: Նրանց համար ամեն ինչ ունի կոնկրետ համակարգված հենք` սկիզբ, ընթացք ու հետեւանք: Այս մասնագիտության տեր մարդիկ լինում են մտասեւեռված, հիմնականում շատ աշխատասեր, իրենց հաշվարկների, ծրագրերի մեջ խորացած: Իհարկե, ոչ բոլորը, բայց նկարագրվածը հիմնականում բնորոշ է:
Բացի այդ` ծրագրավորողների աշխատանքը ոչ միայն Հայաստանում, այլ նաեւ ամբողջ աշխարհում խիստ պահանջված է ու համարվում է բարձր վարձատրվող: Այսինքն` նրանք, որպես կանոն, ֆինանսապես համեմատաբար ապահովված խավ են:
Նրանք նաեւ համարվում են երկրի մարդկային ռեսուրսի ամենակարեւոր հատվածներից մեկը` իրենց ինտելեկտուալ բարձր պոտենցիալով, հավասարակշռված են, ցանկացած քայլ անում են ինքնուրույն` սեփական դեդուկտիվ մտահանգման ու պրագմատիկ անալիզի արդյունքում:
Մի խոսքով` ծրագրավորողներին աշխատանքից կտրելու, իրենց համակարգիչներից «պոկելու» եւ փողոց, այն էլ` բողոքի ցույցի հանելու համար պետք է լինել հրաշագործ: Եվ պարզվում է, որ Հայաստանի իշխանությունները հրաշագործ են: Որովհետեւ նրանց «հաջողվեց» անգամ հայ «ծրագրավորող» հանրությանը դրդել բողոքի ցույցերի: Դրա համար մեր երկրի քաղաքական վերնախավից ո'չ խելք պահանջվեց, ո'չ էլ ջանք, եռանդ ու միջոց: Ընդհակառակը` այդ ամենի բացակայությունն էլ հենց նրանց գործած «հրաշքի» իրականացման հիմնական պատճառն էր:
Արդյունքում` այսօր բազմաթիվ ծրագրավորողներ, հասարակության այլ ակտիվ հատվածների ներկայացուցիչների հետ, փողոց էին դուրս եկել: Եվ նրանց պահանջն էլ շատ պարզ ու տրամաբանված էր` չեղարկել պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի անցնելու որոշումը, դադարեցնել 5 տոկոս պարտադիր կուտակային բաղադրիչի բռնագանձումը ժողովրդից եւ այլն:
Ա'յ, հենց սա պետք է լինի քաղաքական մեծամասնության համար ահազանգ` մարդիկ, որոնց համար, թող ներեն մեզ հարգելի ծրագրավորողները, «ամենալուրջ անեծքներից» մեկը «կոմպդ կախի»-ն է, բավական վճռական տրամադրված դուրս են գալիս փողոց` բողոքի ցույցի: Եվ այս մարդկանց հանդեպ չի հաջողվելու կիրառել կաշառելու, աշխատանքից զրկելու սպառնալիքը կիրառելու, հարկային ճնշումներ բանեցնելու եւ այլ նմանատիպ սցենարները. նրանք ֆինանսապես անկախ են, գործունեությունը ստվերից դուրս է, բոլոր հարկեր-տուրքեր-վճարները պարտաճանաչ ու կանոնավոր վճարում են, նրանց արտադրած նյութական բարիքների հիմնական սպառումն էլ ոչ թե ՀՀ շուկայում է լինում, այլ համաշխարհային:
Այնպես որ` ցանկացած երկրի իշխանությունների համար հասարակության այսպիսի հատվածի մեջ խմորումների ի հայտ գալը հստակ ցուցիչ-ազդանշան է` դա «վերջի սկիզբն է» ...
Գևորգ ԱՎՉՅԱՆ