կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-03-15 09:25
Քաղաքական

Վայ սոցիոլոգները. ՛՛Հրապարակ՛՛

Վայ սոցիոլոգները. ՛՛Հրապարակ՛՛

«Կեղծիքի գործիքները նույնն են՝ ԿԸՀ եւ ԸԸՀ-ներ, Սահմանադրական դատարան, տարբեր սոցիոլոգներ ու սոցիոլոգիական հարցումներ անող կազմակերպություններ: Երեկ այս փնջից մի քանիսը միաժամանակ հանդես եկան. ՍԴ-ն հրապարակեց իր միանգամայն կանխատեսելի վճիռը, իսկ Gallup կոչվող կազմակերպությունը հրապարակեց հերթական ուսումնասիրության արդյունքները՝ այս անգամ Երեւանի ավագանու ընտրությունների կապակցությամբ: Դրանք ավելի քան «տպավորիչ» էին. երեւանցիների 60 տոկոսը քաղաքապետ է տեսնում Տարոն Մարգարյանին, 17 տոկոսը՝ Գագիկ Ծառուկյանին, 3 տոկոսը՝ Կարեն Կարապետյանին եւ ընդամենը 1 տոկոսը՝ Րաֆֆի Հովհաննիսյանին: Մի կողմից, հասկանալի է իշխանությունների ցանկությունը, որն այսպիսի անմաքուր եղանակներով փորձում է ներշնչել հանրությանը: Մյուս կողմից՝ թերեւս հույսները մարդկային կարճ հիշողության վրա է:

 

Այս չարաբաստիկ կազմակերպությունը չէ՞ր, որ նախագահի ընտրություններից ընդամենը մեկ շաբաթ առաջ հայտարարում էր, թե ՀՀ քաղաքացիների 69 տոկոսը քվեարկելու է Սերժ Սարգսյանի օգտին եւ ընդամենը 11 տոկոսը՝ Րաֆֆի Հովհաննիսյանի: Եվ անգամ համատարած խախտումների ու մեծ ցանկության արդյունքում իշխանություններին չհաջողվեց այս տոկոսները նկարել: Հիմա ի՞նչ երեսով են այս վայ-սոցիոլոգները նոր թվեր հրապարակում, իսկ իշխանական լրատվամիջոցներն էլ ծանր ու մեծ լուսաբանում ինչ-որ անհայտ մարդկանց կասկածելի ասուլիսն ու ավելի քան կասկածելի ուսումնասիրությունների արդյունքները: Մարդիկ, ի վերջո, ուշադիր հետեւում են այս ամենին, եւ սա, զայրույթից բացի, որեւէ այլ զգացում չի կարող առաջացնել: Արդյո՞ք այս մանիպուլյացիաները չեն պատճառը, որ մարդիկ դուրս են գալիս փողոց, գնում հանրահավաքի, քվեարկում իշխանական թեկնածուների դեմ եւ ընդդիմության օգտին»,- գրում է «Հրապարակ» օրաթերթը: