Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Նոյեմբերի 19-ին, երբ Վիեննայում տեղի էր ունենում Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիև հանդիպումը` ԼՂ բանակցային գործընթացի շրջանակում, Մոսկվանում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, թե Ռուսաստանը մտադիր է առաջիկայում Հայաստանի ու Ղազախստանի հետ հակաօդային պաշտպանության միասնական համակարգ ստեղծել: «Առաջիկայում մենք կամրապնդենք հակաօդային պաշտպանության մեր միասնական համակարգը Բելառուսի հետ, ձեռնամուխ կլինենք նմանատիպ տարածաշրջանային համակարգերի ստեղծմանը Հայաստանի և Ղազախստանի հետ»,- ասել էր նա:
ՌԴ նախագահի այս հայտարարությունն, իհարկե, Վիեննայում ընթացող բանակցությունների հետ ուղղակի կապ չուներ. այն արվել էր Ռուսաստանի ուժային համակարգի բարձրագույն հրամանատարական պաշտոններում մի շարք զինվորականների նշանակման արարողության շրջանակում: Բայց, չնայած դրան, որոշակի ֆոն հաղորդեց թե' վերսկսվող բանակցությունների առաջին ակորդներին, թե' տարածաշրջանում ընթացող գործընթացներին` ընդհանրապես: Դրանով ՌԴ-ն նախ բանակցությունները վերակենդանացնելու փորձ կատարող Արևմուտքին կարծես հասկացնում է, որ, անկախ բանակցությունների ընթացքից, մնում է տարածաշրջանի հիմնական թելադրող, հեգեմոն խաղացողը և շարունակելու է այն յուրացնելու, ավելի ճիշտ գաղութացնելու որդեգրած կուրսը: Մյուս կողմից` դրանով նա ավելորդ վստահություն ներշնչեց հայկական կողմի բանակցողներին առ այն, թե Մոսկվան հավատարիմ է մնում Հայաստանի և Ղարաբաղի անվտանգության երաշխավորը լինելու` իր ստանձնած պարտավորությանը: Սա անուղղակի հրահանգ էր Սերժ Սարգսյանին` չհամաձայնել տարածաշրջանում հաստատված ստատուս քվոն խախտելուն ուղղված ցանկացած նոր մոտեցման: Եվ գուցե հենց դա էր բանակցություններից հետո Վիեննայի Քոբուրգ պալատից դուրս գալիս Սերժ Սարգսյանի դեմքին դրոշմված մեծ ինքնավստահության և լայն ժպիտի պատճառը:
Սակայն մեծ հաշվով այդ հավաստիացումը, բացի հոգեբանական բավարարությունից, ի՞նչ է տալիս Հայաստանին: Նույն օրը` նոյեմբերի 19-ին ,Երևանում անցկացվող «ՀԱՊԿ-ը և ժամանակակից մարտահրավերները» թեմայով խորհրդաժողովին մասնակցող ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի օգնական, գեներալ-մայոր Վլադիմիր Նիկիշինը բառացիորեն ասաց հետևյալը. «Մենք չենք կարող դե ֆակտո, անգամ դե յուրե հակասությունների մեջ մտնել նախկին ԽՍՀՄ հանրապետությունների հետ»: Այլ կերպ ասած` Նիկիշինը բաց տեքստով հասկացրեց, որ ՀԱՊԿ-ն Ադրբեջանին երբեք չի հակադրվելու և չի դիտարկելու որպես պոտենցիալ հակառակորդ` անկախ Հայաստանի հետ նրա ունեցած հարաբերություններից:
Պուտինի և Նիկիշինի հայտարարությունների ամենապարզ համադրությունից ակնհայտ է դառնում, որ Հայաստանում ՀԱՊԿ միասնական ՀՕՊ համակարգի ստեղծումը բոլորովին էլ Ադրբեջանի հավանական ագրեսիայից Հայաստանին և, առավել ևս, ԼՂՀ-ին պաշտպանելու նպատակ չի հետապնդում: Ըստ էության` սա ընդամենը ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանի արևմտյան սահմանների ողջ երկայնքով Արևելյան Եվրոպայի դաշնակից երկրներում հակահրթիռային կայանների տեղակայման գործընթացին Մոսկվայի պատասխանն է, այսինքն` լուծում է իր գլոբալ աշխարհաքաղաքական, ոչ թե լոկալ տարածաշրջանային խնդիրը: Վերջինիս մասով Մոսկվան կիրառում է բոլորովին այլ տակտիկա. զինում է Ադրբեջանին, նրա հետ զարգացնում ռազմավարական բնույթի տնտեսա-քաղաքական հարաբերություններ, իսկ Հայաստանին կերակրում երբեք չդավաճանելու մասին բանավոր ու առարկայորեն չհիմնավորված խոստումներով:
ԼՂ հիմնահարցում Ռուսաստանն առաջնորդվում է, այսպես կոչված, «փակ խաղաքարտերի» քաղաքականությամբ, որի ողջ իմաստը երկու կողմերին մշտական անորոշության մեջ պահելն է: Ո'չ Բաքվում, ո'չ էլ Երևանում չեն հասկանում` ո՞րն է ղարաբաղյան թեմայում Ռուսաստանի ուզածը, այն կմիջամտի՞ հնարավոր ռազմական գործողություններին, և միջամտելու դեպքում դա կտարածվի՞ նաև ԼՂ-ի վրա, թե՞ ոչ: Արդյունքում` նա կարողանում է բալանսավորված վերահսկողության տակ պահել թե' Ադրբեջանին և թե' Հայաստանին: Պատահական չէ, որ Նիկիշինը պնդում է, թե Բաքվին զենք վաճառելը Մոսկվայի համար պարզապես միջոց է` ազդելու այդ երկրի քաղաքականության վրա: Նույն կերպ` պատահական չէր Գյումրու 102-րդ ռազմակայանի հրամանատարի` Անդրեյ Ռուզիցկու` օրեր առաջ արած հայտարարությունը Ադրբեջանի կողմից ռազմական ճանապարհով ԼՂ-ն վերադարձնելու դեպքում իրենց միջամտության անխուսափելիության մասին: Դա Հայաստանի հասարակությանը մատակարարվող խոստումների` կարկանդակի հերթական չափաբաժինն էր: Որ Ռոզիցկու հայտարարությունը հենց այդպիսին էր, ցույց է տալիս ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի օգնականի` Երևանում արած հայտարարությունը: Իսկ ամենահատկանշականն այն է, որ դա արվեց պաշտոնական Բաքվից ՌԴ-ին Ռոզիցկու հարցազրույցի կապակցությամբ դիվանագիտական նոտա հղելուց հետո:
Սակայն Մոսկվայի այս երկդիմի քաղաքականության արդյունքում Ադրբեջանն ավելի շոշափելի օգուտներ է ստանում, քան Հայաստանը: Այն դեպքում, երբ այդ երկրի զինված ուժերը համալրվում են ժամանակակից թե' ռուսական և թե' իսրայելական զինատեսակներով, Ռուսաստանը լավագույն դեպքում ընդամենը ընդլայնում է Հայաստանում տեղակայված և Հայաստանի բյուջեի հաշվին պահպանվող ռազմաբազայի մարդկային ու տեխնիկական պոտենցիալը, որը բուն ՀՀ զինված ուժերի հաշվեկշռի մեջ չի մտնում: Այն փաստացի ուղղված է լուծելու աշխարհաքաղաքական նույն խնդիրը, որը Մոսկվան հետապնդում է` Հայաստանի, Ղազախստանի և Բելառուսի հետ միասնական հակաօդային պաշտպանության համակարգ ներդնելով: Եվ ստացվում է, որ Երևանը առայժմ իր ողջ անվտանգության համակարգը կառուցում է ռուսական քարոզչական կարկանդակների վրա:
Գևորգ ԴԱՐԲԻՆՅԱՆ