Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը մարտի 10-ի հանրահավաքի ժամանակ հայտարարեց հացադուլ սկսելու մասին և առաջին օրն անցկացրեց Ազատության հրապարակում` բաց երկնքի տակ: Պայքարի ծայրահեղ այս քայլին նա դիմում է արդեն երկրորդ անգամ:
2011թ. ճիշտ այս օրերին Րաֆֆի Հովհաննիսյանը հացադուլի մեջ էր` շատերի համար անհասկանալի, վերացական պահանջներով և ակնկալիքներով: Եվ միանգամայն տրամաբանական էր, որ այն ժամանակ ակցիան որևէ արդյունքի չէր հանգեցնելու: Ընդհակառակը` դրա հետևանքով Րաֆֆի Հովհաննիսյանն ընդամենն ամրապնդեց իր վերաբերյալ ձևավորված` հակասական քաղաքական գործչի կերպարը, իսկ ինքնին հացադուլը, որպես պայքարի մեթոդ, զգալիորեն արժեզրկվեց և վերածվեց սիմվոլիկ ինչ-որ երևույթի, որից կարելի է ժամանակ առ ժամանակ օգտվել` որոշակի ռեզոնանսներ հարուցելու, հացադուլավոր անձի շուրջ քիչ թե շատ հետաքրքրություն և թեմա առաջացնելու նպատակով:
Հովհաննիսյանի` այս անգամվա հացադուլը, սակայն, շատ ավելի է իմաստավորված, որովհետև այն հիմնված է կոնկրետ պահանջների առաջադրման և կոնկրետ խնդիրների լուծման վրա: Առաջին կարևոր նպատակը, որ հետապնդում է Հովհաննիսյանը, հանրահավաքային` արդեն ձգվող գործընթացը որոշակի հանգրվանի բերելն է: Այն միանգամայն տեղավորվում է Հովհաննիսյանի հռչակած` «Սերժ Սարգսյանի ինաուգուրացիան` միայն իմ դիակի վրայով» կարգախոսի շրջանակում: Հովհաննիսյանը Ազատության հրապարակում նվազող հանրությանը փորձում է այս կերպ ցույց տալ, որ գործնական քայլերի է դիմում այդ կարգախոսը կյանքի կոչելու համար և հասկանում է հասարակության առջև իր ստանձնած պատասխանատվության արժեքը: Բայց դիմելով այս քայլին` Հովհաննիսյանը փաստացի փոխում է ընտրությունների արդյունքները վերանայելուն ուղղված շարժման մարտավարությունը: Փաստորեն, նոր հանրահավաքներ չեն լինի այնքան ժամանակ, քանի դեռ չի պարզվել` որքանո՞վ էր արդյունավետ կամ անարդյունավետ հացադուլի դիմելը:
Բացի դրանից` Հովհաննիսյանն իր այս քայլով անուղղակիորեն փորձում է համոզել, որ սկսված շարժումը որևէ կապ չի կարող ունենալ Երևանի քաղաքապետի ընտրությունների հետ, զարգանում է բացառապես նախագահական ընտրությունների համատեքստում, և ինքը չի փորձում կուտակած այդ կապիտալն ուղղորդել ավագանու ընտրություններում իր կուսակցության համար շահեկան մեկնարկային պայմաններ ապահովելուն, այսինքն` մտադրություն չունի այն ծառայեցնել իր և իր ղեկավարած կուսակցության նեղ խմբակային շահերին:
Հացադուլի երկրորդ նպատակն, անշուշտ, ՍԴ-ի վրա հավելյալ ճնշում գործադրելն է: Առաջիկայում Սահմանադրական դատարանը քննարկելու է ընտրությունների արդյունքները հակասահմանադրական ճանաչելու մասին` Հովհաննիսյանի ներկայացրած դիմումը: Նախորդ ընտրություններում ՍԴ-ի կրավորական դերակատարության տխուր փորձը հաշվի առնելով` Հովհաննիսյանը փորձում է, այս ակցիային դիմելով, կանխել նույն սցենարի կրկնությունը: Դա է պատճառը, որ նա հացադուլի է դիմում ոչ թե ՍԴ-ում իր դիմումի քննարկումից և հարցի կապակցությամբ որոշման կայացումից հետո, այլ դրանից առաջ և դրան զուգահեռ:
Սակայն այս փուլում հացադուլի դիմելը որոշակի վտանգներ է պարունակում: Դրանից հիմա ավելի շատ հուսահատության հոտ է փչում: Այնպիսի տպավորություն է, որ կա'մ Րաֆֆի Հովհաննիսյանն այլևս իր գլխավորած շարժումն ընդարձակելու, զարգացնելու տեմպը պահելու գործիքակազմ չունի, կա'մ պարզապես չգիտի` ինչպես օգտվել դրանցից, որպեսզի գործողություների հիմնական կրողը մնա զանգվածը: Եվ դա մղում է ողջ բեռը վերցնել միմիայն իր ուսերին, պայքարը դարձնել անձնապես իրենը և ստիպել հասարակությանը ինչ-որ իմաստով, թեկուզ` ժամանակավորապես, վերածվել հանդիսատեսի: Իսկ որ հասարակությունը կարող է հենց հանդիսատես էլ դառնալ, վկայում է նախընտրական քարոզարշավի շրջանում մեկ ամիս տևած` Անդրիաս Ղուկասյանի հացադուլի տխուր փորձը: Չնայած վերջինիս ողջ նպատակն իր հացադուլի միջոցով ընտրական ներկայիս գործընթացի դեմ հասարակական ընդվզում հարուցելն էր, սակայն այդ ակցիան այդպես էլ մինչև վերջ ընկալվեց որպես անձամբ Անդրիաս Ղուկասյանի կողմից բողոքի մասնավոր և ոչ այնքան արդյունավետ դրսևորում: Այն գաղափարական պլատֆորմի չհանգեցրեց և չդրդեց հասարակությանը հացադուլն ընդունել որպես այդ պլատֆորմը ձևավորելու լավագույն միջոցներից մեկը:
Գևորգ ԴԱՐԲԻՆՅԱՆ