Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր Հայաստանը, իր տարածքային խնդիրներից ու իր ունեցած ռեսուրսներից ելնելով, ինչ-որ տեղ ստիպված է մտնել Մաքսային միություն, որովհետև Հայաստանն ունի անվտանգության ու առևտրային հարաբերությունների խնդիր: Այս մասին այսօր լրագրողներին ասաց ՀՀԿ-ական, նախկին պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը:
Նրա կարծիքով` Եվրոպայի հետ առևտուրը լավ բան է, բայց Հայաստանն այսօր պատրաստ չէ հավասարը հավասարի հետ առևտուր անել Եվրոպայի հետ, մինչդեռ Ռուսաստանի հետ Հայաստանը նմանություններ ունի` մի շարք ստանդարտների ու առևտրային փորձի առումով:
«Այսօրվա քաղաքական վիճակը ցույց է տալիս, որ Եվրոպան ցավոտ չի նայում մեր` դեպի ՄՄ կողմնորոշմանը, որովհետև եվրոպացիներն էլ են հասկանում, որ մենք ստիպված ենք, մեր կարգավիճակից և ունեցածից ելնելով, մտնել Մաքսային միություն»,- ասաց Լեռնիկ Ալեքսանյանը` հավելելով, որ այսօր աշխարհում տեղի ունեցող գործընթացները ցույց են տալիս, որ շատ ժողովուրդներ, ներգրավվելով այս կամ այն կառույցների մեջ, զիջում են եթե ոչ անկախությունը, ապա լիազորությունների մեծ մասը: ՀՀԿ-ական պատգամավորի խոսքով` դա շատ բնական է, որովհետև մեկ ընդհանուր կառույցի անդամները պետք է հավասար իրավունքներ ու պարտավորություններ ունենան:
Միաժամանակ, Լեռնիկ Ալեքսանյանն ընդունում է, որ դեռ ոչ ոք չգիտի, թե այսօր Մաքսային միությունն իրենից ինչ է ներկայացնում, քանի որ այն դեռ ձևավորման սկզբնական փուլում է:
Ինչ վերաբերում է ներքին մարտահրավերներին ու, դրանով պայմանավորված, իշխանության հանդեպ քննադատություններին, ՀՀԿ-ականը կարծիք հայտնեց, որ խնդիրներ շատ կան, բայց պետք է վատի կողքին լավն էլ տեսնել: «Չկա տենց մարդ, որ էսօր գա նստի ու անթերի կառավարի: Եթե էսօր հրեշտակ էլ իջեցնենք, չի կարողանա միանգամից վերացնել թերությունները»,- ասաց նա` հավելելով, որ իշխանությունների յուրաքանչյուր հաջորդ քայլը նախորդից լավն է: