կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-11-18 14:34
Քաղաքական

Վաչե Գաբրիելյանը չի լսել, որ ՄՄ-ից հետո գալիս է արժութային միություն

Վաչե Գաբրիելյանը չի լսել, որ ՄՄ-ից հետո գալիս է արժութային միություն

Լրագրողներն այսօր կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանից հետաքրքրվեցին, թե ինչպես են գործելու պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգերը, եթե Հայաստանն անցնի այլ արժույթի, ու կա՞ն, արդյոք, նման սցենարներ:

 

Գաբրիելյանը պատասխանեց. «Ինձ համար շատ հետաքրքիր է այն պնդումը, թե Հայաստանն, ի վերջո, փոխելու է իր արժույթը, որտեղի՞ց է գալիս»:

 

Լրագրողների պարզաբանումը, թե, Մաքսային միությանն անդամակցելով, Հայաստանն անցնում է միասնական մաքսային համակարգի, այնուհետեւ` առեւտրային գոտու, հետո, կարծում ենք, կլինի միասնական արժութային գոտի, Վաչե Գաբրիելյանը արձագանքեց. «Ես որեւէ տեղ չեմ կարդացել, որ Մաքսային միությունից հետո գալիս է արժութային միություն. դա ձեր էքստրապոլյացիան է»:

 

Նա այդպես էլ հստակ չպատասխանեց հարցին` այնուամենայնիվ, նման սցենարներ նախատեսված եղե՞լ են, թե՞ ոչ:

 

Իսկ ինչ վերաբերում է Հայաստանի` արժույթը փոխելուն, ապա Վաչե Գաբրիելյանին ոչինչ չի զարմացնի, քանի որ, ինչպես նշեց նա, «այս երկրում զարմանալու բազմաթիվ առիթներ ունեցել ենք եւ դեռ կունենանք»:

 

Հարցին էլ, թե պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ բազմաթիվ քաղաքացիներ դուրս են եկել բողոքի ակցիաների, ու եթե այդ ակցիաները վերածվեն մեծ ցույցերի, հնարավո՞ր է, որ մի գեղեցիկ օր երկրի նախագահը կանչի կառավարությանն ու ասի «սիրուն չէր», Վաչե Գաբրիելյանը պատասխանեց. «Ես առաջարկում եմ երազների գիրկը չընկնել: Դուք առաջարկում եք մի սցենար, որը ժողովրդին հարմար չէ, որը իրականում բազմաթիվ պրոցեսներ կանգնեցնելու է եւ 260 հազար մարդու համար ստեղծելու է դժվարություններ:Կարծում եմ, որ համակարգը կգործի 2014 թվականի հունվարի 1-ից»: