կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2013-11-14 16:18
Քաղաքական

Նիկոլ Փաշինյանը գտել է բյուջեի միակ դրական կետը

Նիկոլ Փաշինյանը գտել է բյուջեի միակ դրական կետը

Բյուջեի ուղերձը մշակելիս կառավարությունը հավաքել է հարվածային բառերի մի ողջ զինանոց` զարգացնել, հզորացնել, խթանել, ապահովել և այլն. 2014թ. բյուջեի քննարկման ժամանակ ասաց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

 

Նրա խոսքով` այդ բառերը իրականում ոչ մի հնչեղություն չեն հաղորդում բյուջեին, որովհետև երկիրը կանգնած է լուրջ մարտահրավերների առաջ: 2008թ. կայուն զարգացման ծրագրով նախատեսվում էր, որ հինգ տարի անց աղքատության մակարդակը պետք է իջներ մինչև 15 տոկոս, այնինչ, ըստ Ն.Փաշինյանի, կառավարությունը մինչ օրս արդարանում է` մեջբերելով համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը: «Էս երկրագնդի վրա մի մարդ կար, որ ասում էր` ուշադրություն մի դարձրեք ճգնաժամին, դա վարչապետ Տիգրան Սարգսյանն էր: Հիմա մենք տեսնում ենք չխոսելու արդյունքը` նման ձախողումների տեսքով»,- ասաց պատգամավորը:

 

Նա նշեց, որ կառավարության հայտարարած` թոշակների բարձրացումը իրականում կազմում է 36 հազար դրամ: Իսկ աղքատության պաշտոնական գիծը կրկին կազմում է 36 հազար դրամ: Այսինքն, ըստ Փաշինյանի, բարձրացված թոշակը նույն աղքատության գիծն է: «Ձեր կառավարությունը չունի ռազմավարություն: Երկրում գումար չկա՞: Կա, բայց այդ գումարները գլորվում են Սերժ Սարգսյանի եղբայր` Ալեքսանդր Սարգսյանի գրպանը: Նա հավաքել է 4,2 միլիարդ գումար»,- ասաց պատգամավորը:

 

Նա նաև հայտնեց, որ դեմ է քվեարկելու բյուջեի այդ նախագծին, որովհետև այն «հուսահատ, անողնաշար» բյուջե է, եւ որում հընթացս արձանագրվում է զորակոչիկների, աշակերտների, ծնելիության թվի նվազում:

 

Պատգամավորը նշեց, որ բյուջեի այդ հաստափոր փաստաթղթի մեջ միայն մի փոքր դրական կետ կա, այն է` կառավարությունը ռիսկերի մեջ հնարավոր է համարել քաղաքական անկայունությունը: «Մարդիկ տեսնում են, որ էս կառավարությունը փակում է փոփոխությունների բոլոր ճանապարհները: Եվ ընդդիմության առաջ պարտավորություն կա` առաջնորդել ժողովրդին դեպի հաղթանակ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը` հույս հայտնելով, որ առաջիկայում Հայաստանում կձևավորվի քաղաքական ու քաղաքացիական ուժերի համադրությամբ մի նոր ընդդիմություն, որը կօգնի ժողովրդին ոչ թե խոսքերով, այլ ռեալ գործերով քանդել հուսահատության պատը: