կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-11-13 18:50
Քաղաքական

Վարչապետը տեղյակ չէ նախագահի կողմից Մինսկում ստորագրված փաստաթղթից

Վարչապետը տեղյակ չէ նախագահի կողմից Մինսկում ստորագրված փաստաթղթից

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՄՄ-ին Հայաստանի անդամակցության վերաբերյալ հարց ուղղեց: Պատգամավորը նշեց, որ Հայաստանը Մինսկում ստանձնել է պարտավորություն` չանել ՄՄ-ի շահերին հակասող հայտարարություն: «Հետաքրքիր է` ո՞վ և ինչպե՞ս է որոշում, թե Հայաստանի որ հայտարարարությունն է հակասում ՄՄ-ի շահերին: Ո՞րն է առհասարակ ՄՄ շահը, եթե ՄՄ անդամ երկրներից յուրաքանչյուրն իր շահն ունի»,- հետաքրքվեց պատգամավորը:

 

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը նախ նշեց, որ ՀՀ իշխանական մարմինները ազատ են անել այնպիսի հայտարարություններ, ինչպիսին որ նպատակահարմար են գտնում` Սահմանադրությամբ վերապահված իրենց լիազորությունների սահմաններում: Նա համաձայնեց այն կարծիքին, որ միջազգային ատյաններում Հայաստանի գործընկերները հաճախ չեն պահպանում քաղաքական պայմանավորվածությունները և խախտում են դրանք: Ըստ վարչապետի` Հայաստանը պետք է կարճ ժամանակահատվածում ձեռնարկի միջոցառումներ, որոնք հնարավորություն կտան Հայաստանին դառնալու ՄՄ լիարժեք անդամ:

 

Նաիրա Զոհրաբյանը, արձագանքելով վարչապետի պատասխանին, նշեց, որ ինքը չստացավ իր հարցի պատասխանը, որ Հայաստանը պարտավորվում է չանել ՄՄ շահերին հակասող հայտարարություն: Վարչապետը նախ հարցրեց. «Այդ որ փաստաթղթո՞վ»: Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց. «Մինսկում ստորագրված»: Ինչին ի պատասխան, Տիգրան Սարգսյանն ասաց. «Ես կծանոթանամ այդ փաստաթղթի հետ, որին Դուք հղում եք կատարում, և հետո Ձեզ կտամ լրացուցիչ պարզաբանումներ»: