Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Պարզվում է, որ «Իմ քայլը» խմբակցությունում պատգամավորներ կան, որոնք տեղյակ չեն եղել «Իմ քայլը» խմբակցության անունից տարածած հայտարարությանը, որում նախ ասվում էր, որ չեն պատրաստվում գնալ ԱԺ, այսինքն՝ աշխատանքի և նշվում է. «խմբակցությունը չի պատրաստվում մասնակցել Հայաստանում կայունության խաթարման նպատակ ունեցող որևէ նիստի», բացի այդ, հարցադրումներ են անում ընդդիմությանը:
Tert.am-ը փորձեց պարզել, թե արդյոք բոլո՞րն են տեղյակ եղել, որ խմբակցությունը նման հայտարարություն է տարածել, քանի որ հայտարարությունն արված էր բոլորի անունից:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ Արցախում է և տեղյակ չի եղել «Իմ քայլը» խմբակցության հրապարակած հայտարարությանը և նույնիսկ ինտերնետ կապ չունի, որ ծանոթանա:
«Բացարձակ անտեղյակ եմ: Լավ կլիներ, որ քաղաքական հայտարարություններից քաղաքական թիմի անդամները տեղյակ լինեին»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց նա և նշեց, որ հասկանալի է, որ մենք պայքարում ենք ոչ միայն ադրբեջանական, այլ նաև թուրքական բանակի դեմ, դա նորություն չէր, և նորություն չէր նաև այն, որ համահայկական պայքար է եղել, ամեն մեկն իր ներդրումը ունեցել է:
«Ես ամեն դեպքում գնալու եմ Ազգային ժողով, երբ գամ Երևան, գնալու եմ աշխատանքի, ես չեմ պատրաստվում որևէ մեկից որևէ մի տեղ թաքնվել, ես պատգամավոր եմ և ընտրվել եմ ռեյտինգային ընտրակարգով, և ես իմ քաղաքացիներից փախչելու տեղ չունեմ»,-ասաց նա:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանն էլ նշեց, որ գիշերն է վերադարձել առաջնագծից և որևէ բանից դեռ տեղյակ չէ, նոր է արթնացել:
Շիրակի մարզից ընտրված պատգամավոր Սոֆիա Հովսեփյանն էլ ֆեյսբուքում մեկնաբանել է, որ տեքստը, որին ծանոթ է եղել, հավելվել է. «Ես տեքստի առաջին մասին եմ ծանոթ, մնացածը՝ հավելվել է, որին ծանոթ չեմ եղել և ինչպես հասկացա՝ մեծամասնությունը»:
«Իմ քայլ» խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ տեքստը մշակել է «Իմ քայլը» խմբակցությունը, բոլոր պատգամավորները մասնակցել են, բոլորը տեղյակ են:
Նշենք, որ հավելումը վերաբերում է խմբակցության հայտարարության մեջ ներառված հետևյալ հատվածին. «Միևնույն ժամանակ Ղարաբաղյան պատերազմն ավարտելու մասին հայտնի հայտարարության իրավաչափությունը քննարկելուց առաջ առաջարկում ենք, որ ընդդիմությունը շատ հստակ ի լուր ողջ հայության և աշխարհի հայտարարի,
որ իրենք.
1. Կողմնակից են ռուսական միջնորդության չեղարկմանը
2. Կողմնակից են ռուսական խաղաղապահների դուրսբերմանը շփման գծից
3. Կողմնակից են պատերազմի շարունակմանը:
Այս հայտարարությունն անելուց հետո ընդդիմադիր ուժերը պարտավոր են նաև ներկայացնել առաջարկվող վերսկսվելիք պատերազմում հաղթանակի հասնելու ճանապարհային քարտեզը»: