կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-11-12 17:47
Քաղաքական

ՀՅԴ-ն նախաձեռնել է ստորագրահավաք եւ արտահերթ նիստ

ՀՅԴ-ն նախաձեռնել է ստորագրահավաք եւ արտահերթ նիստ

ԱԺ ՀՅԴ խմբակցությունը ներկայացրել է բարեփոխումների փաթեթ, որի բաղկացուցիչներից մեկը պարտադիր կուտակային համակարգի քաղաքականությունն է: Այս մասին ԱԺ հայտարարությունների ժամին ասաց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը: Նա նշեց, որ բազմաթիվ կազմակերպություններ դիմել են ԱԺ-ին և խմբակցություններին առաջարկով` փոխել այդ քաղաքականության հանդեպ մոտեցումը, որովհետև պարտադիր կուտակային համակարգը պարունակում է բազմաթիվ ռիսկեր` ֆինանսական, աշխատանքի շուկաների մասով, ինչպես նաև ռիսկեր, որոնք բխում են ժողովրդագրական վիճակից, տնտեսության մենաշնորհային վիճակից:

 

Այդ մտահոգությունը հաշվի առնելով` Արծվիկ Մինասյանը հայտնեց, որ ԱԺ չորս խմբակցություններ` ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն, «Ժառանգությունը» և անկախ պատգամավորներ Խաչատուր Քոքոբելյանն ու Էդմոն Մարուքյանը նախաձեռնել են վաղն արտահերթ նիստ հրավիրել: «Վաղը` կեսօրին, կիրականացվի ստորագրավաք, հինգշաբթի օրը` 18.30-ին, կհրավիրվի արտահերթ նիստ` քննարկելու օրակարգային այդ հարցը մեկ տարով հետաձգելու հարցը»,- ասաց Արծվիկ Մինասյանը:

 

Նա նշեց, որ այդ մեկ տարվա ընթացքում պետք է իրականացվեն հանրային և մասնագիտական լայն քննարկումներ, ինչպես նաև սահմանադրական կոչով դիմում կոալիցիա կազմած խմբակցություններին: Արծվիկ Մինասյանը նշեց, որ այս պահին չկա լիցենզիավորված կազմակերպություն, որը կիրականացնի պարտադիր կուտակային համակարգի շրջանառությունը: Ըստ պատգամավորի` Կենտրոնական բանկի` նոյեմբերի 6-իհայտարարության մեջ ասվում է, որ երկու կազմակերպություն դիմել են լիցենզիա ստանալու համար:

 

«Անգամ մինչև հունվարի 1-ը ստանան էլ լիցենզիա, հանրությունը տեղյակ չէ այս բարեփոխումներից: Մասնագիտական առումով էլ համակարգը կարող է տանել երկիրը ֆինանսական ճգնաժամի»,- ասաց Արծվիկ Մինասյանը: