|
Փոխարժեքներ
07 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.28 |
| EUR | ⚊ | € 434.49 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 502.96 |
| GEL | ⚊ | ₾ 137.53 |
Մի խումբ մտավորականներ այսօր հանդես են եկել բաց նամակ-երաշխավորագրով` ուղղված ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին եւ Կոտայքի մարզի դատախազ Վազգեն Ռշտունուն: Մտավորականները պահանջում են անհապաղ փոխել Վարդան Պետրոսյանի հանդեպ կիրառված խափանման միջոց կալանքը` անձնական երաժշավորությամբ` հաշվի առնելով այն, որ դերասանը գտնվում է առողջական եւ հոգեբանական ծանր վիճակում: Երաշխավորագիրը ստորագրել են շուրջ երեք տասնյակ մտավորականներ:
Լրագրողների հետ զրույցում Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը նշեց, որ իրենք ոչ թե պահանջում են չդատել Վարդան Պետրոսյանին եւ խուսափել իրավական պատասխանատվությունից, այլ` փոխել խափանման միջոցը:
«Վարդան Պետրոսյանն այն մարդը չէ, որը կխուսափի պատասխանատվությունից, նա անձամբ նշել է այդ մասին: Նա հայտարարել է, չէ՞, որ պատասխանատու է ամեն ինչի համար: Մենք ի՞նչ ենք սպասում արդարադատությունից` արդարադատությո՞ւն, թե՞ դաժան վերաբերմունք. ինչպես այսօր վարվում են դերասանի հանդեպ, շատ հեռու է արդարադատությունից»,-ասաց Բաբայանը` հավելելով, թե փաստը, որ Պետրոսյանին կալանավորել են, ոչ մի «շահ» չի տա քննության ընթացքին.«Մենք պահանջում ենք, որ փոխվի Պետրոսյանի խափանման միջոցը, դաժանությամբ պետք չէ ազդել մարդկանց վրա: Կրկնում եմ` մենք չենք հավաքվել` ասելու` մի դատեք Վարդանին, մենք պահանջում ենք, որ դաժանությունը եւ արդարադատությունը «վերեւներում» փորձեն իրարից տարանջատել»:
Բաբայանը նշեց նաեւ, որ անհրաժեշտ է փոխել նաեւ գործը վարող քննիչին, քանի որ նման վերաբերմունքը ցույց է տալիս, թե ինչ վիճակում է ամբողջ քննչական մարմինը:
«Մենք չենք ուզում մեկ մարդու միջոցով կարծիք կազմել մեր այսօրվա դատական համակարգի վերաբերյալ, եւ եթե իրենք էլ չեն ուզում, թող ապացուցեն դա եւ քննիչին պատասխանատվության ենթարկեն: Ի՞նչ է նշանակում` մարդը վերակենդանացման բաժանմունքում է, իսկ քննիչնը նրան ասում է` դերասան ես, մեյմունություն ես անում»,-ասաց Բաբայանը:
Բաբայանը նշեց նաեւ, որ մտավորականի հանդեպ բնազդային ատելություն կա, ինչպես նաեւ չթաքցված արհամարհանք, եւ իրավական մարմնի վերաբերմունքն այս դեպքում ամբողջ մտավորականությանն է ուղղված.«Վարդանը ազատ մարդ է, ազատ արտիստ. ահա որտեղից այդ` ատելությունը Վարդանի նկատմամբ»: