Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Շանթ Հարությունյանն իր սկսած պայքարը հռչակել էր հեղափոխություն: Նա մի քանի երիտասարդների իր ետևից տանում էր Բաղրամյան 26-ը, կառավարության շենքը պայթեցնելու, ոստիկաններին ու իրենց ընդդիմացողների գլուխը մահակներով ջարդելու հեղափոխության անվան տակ: Սակայն հանուն ինչի էր արվելու այդ հեղափոխությունը, որն էր նրա գաղափարական ու գաղափարախոսական հենքը, քաղաքական նպատակադրումը, ոչ ոք չգիտեր: Շանթը գնում էր այդ ծայրահեղ քայլին` ընդամենը իր ու հասարակության մեծամասնության համար ատելի իշխանության վերջը տալու: Դրանով էր սկսվում ու ավարտվում նրա հեղափոխությունը:
Բայց դա հեղափոխություն չէ, այլ նախևառաջ «քյալագյոզություն», հետո` նաև ահաբեկչություն: Որովհետև միակ մոտիվացիան, որով Շանթն առաջնորդում էր իր գաղափարներին հավատացող երիտասարդներին, «Ինձանից հետո թեկուզ ջրհեղեղ» սկզբունքն էր: Նրանք չէին բանաձևել` ինչ Հայաստան են կերտում նման «հեղափոխությամբ», այսինքն` չէին ամրագրել այն արժեքը, հիմնանպատակը, որը պետք է դրդեր հասարակությանը` արդարացնել ընտրված ճանապարհը, մեթոդը, ինքնազոհողությունը: Իսկ հասարակությունը մահակներով քաղաքի փողոցներ դուս գալն ու պետական ինստիտուտների վարչական շենքերը պայթեցնելու սպառնալիքները կարող է ինչ-որ տեղ արդարացնել միայն, երբ ձեռք բերելիքը շոշափելի և շատ ավելի արժեքավոր է, քան այն, ինչ զոհաբերվելու է դրա համար: Բայց նրան մատնացույց չարեցին այդ արժեքավորը, այն ապագայի տեսլականը, որի համար գուցե իսկապես արժեր գնալ արկածախնդրության: Հասարակությունը տեսավ ընդամենը մի մարդու, ով, հուսահատությունից, անելանելիությունից դրդված, գնում է ինքնահրկիզման: Մի՞թե տրամաբանական է ինքնահրկիզման, հանցագործության քարոզով հեղափոխություն անելը:
Բոլոր հեղափոխություններն են ուղեկցվում հանցագործություններով, որովհետև դրանք ինչ-որ փուլում ինչ-որ մասով դուրս են գալիս վերահսկողությունից ու վերածվում քաոսի: Բայց հեղափոխությունները չեն արվում հանուն քաոսի, այսինքն` այն, ինչ, ըստ էության, Շանթն էր առաջարկում: Դրանով նա չարթնացրեց հանրային քնած գիտակցությունը ու չտվեց իսկական քաղաքականության օրինակ, ինչպես կարծում են շատերը: Նախ` պայթեցնելու խոստում տալն ու դա իրականացնելուն ուղղված քայլեր կատարելը քաղաքականություն չէ, որովհետև քաղաքականությունը հենց այդ ամենը կանխելու, քաղաքակիրթ այլընտրանքային լուծումներ առաջարկելու արվեստն է: Այն, որ Հայաստանում այսօր մեծ հաշվով քաղաքականություն չկա, չի նշանակում, թե քյալագյոզությունը պետք է դառնա քաղաքականություն, իսկ դրա հեղինակները` իսկական քաղաքական գործիչներ ու հերոսներ: Շանթը ուղիղ հարված հասցրեց քաղաքացիական շարժումներին, այն առողջ բակտերիաներին, որոնք կարող են իսկական քաղաքականության բացակայության պայմաններում ոտքի կանգնեցնել օրգանիզմը, բարձրացնել դրա դիմադրողականությունը և երկարաժամկետ ու հիմնավոր էֆեկտ թողնել: Որքան էլ կտրտված, հենց այդ բջիջներն են բերում մտածողության փոփոխության, որն էլ, իր հերթին, հանգեցնում է վարքագծի փոփոխության: Պայթուցիկներով փողոց դուրս գալը նշանակում է մերժել այդ շարժընթացը, ապացուցել, որ դա ինքնափրկության կամ ինքնաառողջացման ճանապարհ չէ, որ չկա այդպիսի ճանապարհ ընդհանրապես, և որ այդ վիճակից դուրս գալու միակ ելքը ինքնաոչնչացման գնալն է:
Շանթը թույլ տվեց, որ խեղաթյուրվի հեղափոխականության գաղափարը: Այն հանգամանքը, որ նրա հետ միասին բերման էին ենթարկվել նաև քաղաքացիական շարժումների տարբեր ակտիվիստներ, որոնց մի մասը պատրաստ է հասկանալ ու պաշտպանել «հեղափոխության» մարտավարությունը, թույլ է տալու իշխանություններին նրանց մասնակցությամբ բոլոր պրոցեսներում տեսնել իշխանությունը բռնությամբ տապալելու տրամաբանություն: Իշխանության քարոզչամեքենային շանս է տրված վերջապես սևացնելու քաղաքացիական ակտիվության դրսևորումները: Իսկ Շանթին, հաշվի առնելով նրա խառնվածքը, այն գերնյարդային վիճակը, որում գտնվում էր, արկածախնդրության մղելու համար շատ բան պետք չէր` ընդամենը մեկ սադրիչ: Իսկ այդ իրադարձությունների ժամանակ Մաշտոցի պողոտայում մեկ սադրիչ չէ, որ աշխատում էր: Իրավապահ մարմինները կրքերի էսկալացիան կարող էին թույլ չտալ հենց սկզբից, երբ Շանթը դեռ իշխանությունը բռնությամբ տապալելու, նախագահականը պայթեցնելու սպառնալիքներ էր հնչեցնում, որը քրեորեն պատժելի արարք էր: Ոստիկանությունը պարզապես այնքան սպասեց, որ հայաստանյան որևէ տեսակի «հեղափոխության»` իր համար ցանկալի կերպարը դառնա լիարժեք ու առավել քան համոզիչ: Որ սովորական քաղաքացիները տեսնեն, թե ինչ նպատակի են ծառայում Մաշտոցի պուրակը պաշտպանող, Փակ շուկայի այլանդակման, ուղեվարձի անհիմն բարձրացման դեմ պայքարող ջահելները: Եվ այս տեսակետից Շանթ Հարությունյանը տակտիկական հաղթանակ պարգևեց իշխանություններին:
Գևորգ ԱՂԱԲԱԲՅԱՆ