Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հոկտեմբերի 31-ին Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած ՀՀ կառավարության արտագնա նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել է. «Վերջին երեք տարվա ընթացքում Գեղարքունիքի մարզի բնակիչները տեսնում են, որ սոցիալ-տնտեսական իրավիճակը մարզում բարելավվել է, ինչը մեզ համար չափազանց կարևոր է»: Վարչապետը հայտարարել է բերանն եկածը՝ վստահ լինելով, որ որևէ մեկը չի հարցնելու՝ եղբայր, ո՞վ է քեզ իրավունք տվել խոսելու ամբողջ մարզի անունից: Թե՞ վերջին տարիների համապետական ընտրություններում ՀՀԿ-ն այնքան ջախջախիչ հաղթանակներ է գրանցել, որ այդ կուսակցության յուրաքանչյուր անդամիդ թվում է, որ դուք արդեն «ժողովուրդն» եք, հետևաբար` կարող եք խոսել նրա անունից: Եվ դեռ հարց է՝ վարչապետն արդյոք օբյեկտիվության, արդարամտության ու ճշմարտախոսության այնքան անհրաժեշտ որակներ ունի՞, որ կարողանա իրեն իրավունք վերապահել արտահայտվելու ժողովրդի անունից: Մանավանդ, որ անհասկանալի է, թե գեղարքունիքցիներն այդ ինչպե՞ս, որտե՞ղ են «տեսել» իրենց բարելավված սոցիալ-տնտեսական պայմանները. արտագա՞ղթն է նվազել, աշխատավարձերն ու թոշակնե՞րն են, գներից առաջ ընկած, բարձրացել, թե՞ Սևանա լճում սիգն ու իշխանն այնքան են բազմացել, որ գեղարքունիքցին այլևս իր մայր լիճը մինչև վերջին ձուկն ու ձկնկիթը քամելու անհրաժեշտություն չունի:
Սակայն դա չէ ամենազարմանալին, ամենազարմանալին այն է, երբ ամբողջ երկրի ընդհանուր հիմնախնդիրների ֆոնին երկրի թիվ մեկ կառավարիչը խոսում է առանձին վերցրած մեկ մարզի սոցիալ-տնտեսական բարելավումներից: Իսկ վերջին տարիներին մեր իշխանությունների գործունեության մեջ այդ միտումը օրեցօր խորանում է. իշխանավորները կամա թե ակամա լծվել են մարզերն իրարից բաժանելու, երկիրը հնարավորինս տրոհելու գործին, խոսում են, առանձին վերցրած, այս կամ այն մարզի հիմնախնդիրներից, այս կամ այն մարզի իբր թե ունիկալ յուրահատկություններից՝ շատ լավ իմանալով, որ մարզ ասածը մեր պարագայում ավելի քան պայմանական մի բան է, և որ այս մի բուռ հողը ժամանակին բոլորովին զուր է կտրտվել՝ հրապարակում եղած սոված պաշտոնյաների ախորժակներին ի հագուրդ: Հիմա էլ արդեն սկսել են մարզերը մեկմեկու հակադրել, յուրաքանչյուրի համար «առանձնահատուկ» խնդիրներ ու հիմնախնդիրներ մոգոնել, հետն էլ «առանձին» բարելավումներ արձանագրել՝ մոռանալով, որ անհնար է պատկերացնել կուշտ ու կուռ գեղարքունիքցու, կողքին՝ կիսասոված ու դժգոհ տավուշցի, կողքին՝ հուսաբեկ ու մոլորված լոռեցի, կողքին՝ աղքատության ճիրաններում թպրտացող շիրակցի:
Ուրեմն` առավոտ կանուխ վեր կենալ և կուշտերի ու զեխերի մի ամբողջ շքախմբով գնալ աղքատ մի բնակավայր, ժողով ու շուխուր անել, անունն էլ դնել կառավարության արտագնա նիստ, որպեսզի հայտարարես, թե գեղարքունիքցին «տեսնում է», որ իր սոցիալ-տնտեսական պայմանները բարելավվել են, նշանակում է ոչ միայն բան չհասկանալ կառավարչական արվեստից ու գիտությունից, այլև խորթ ու օտար մնալ այն ժողովրդի ցավ ու հոգսին, որի առաջնորդ ես կարգվել ոչ նրա կամոք, այլ միանգամայն պատահականորեն: Իսկ մենք վաղուց կուշտ ենք պատահականներից: Պատահականություններից՝ էլ չասած:
Լևոն ՍԱՐԳՍՅԱՆ