կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-10-30 17:11
Քաղաքական

ՀԱՊԿ պաշտոնյան խորհուրդ է տալիս չհանդիմանել կազմակերպությանը

ՀԱՊԿ պաշտոնյան խորհուրդ է տալիս չհանդիմանել կազմակերպությանը

 

ՀԱՊԿ-ը պե՞տք է արձագանքի Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ ռազմական սպառնալիքներին` ՀԱՊԿ կանոնադրության համապատասխան: Լրագրողների հետ հանդիպմանը հնչած այս հարցին պատասխանելով`ՀԱՊԿ պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Անատոլի Վիբորնին ասաց.

 

«Եթե կա խնդիր, ուրեմն եկել է ժամանակը` բարձրացնել այդ հարցը և քննարկել, բայց հասկացեք, որ ՀԱՊԿ-ը շատ երիտասարդ կազմակերպություն է: Ի՞նչ է քսան տարին, համարյա` ոչինչ, մանավանդ, որ մենք համարվում ենք առաջնեկ այդ առումով: ՀԱՊԿ-ը տարածաշրջանում միակ կազմակերպությունն է, որը մոբիլիզացնում է ուժերը և ցանկանում է բոլոր միջոցներով կարգավորել եղած հակամարտությունները: Ահա, թե ինչու այսօր պետք չէ որևէ մեկին հանդիմանել, որ այսպես է, այնպես է, իսկ դուք ցանկանում եք այսպես, այնպես: Մեր մշտական հանձնաժողովի խնդիրն է` այնպես անել, որպեսզի կանխարգելվեն ռազմական կոնֆլիկտները ազգային հողի վրա: Մենք` խորհրդարանականներս, պետք է խոսենք օրենքի լեզվով: Մենք` որպես երկու ժողովուրդներ, շատ ընդհանրություններ ունենք, և այն ցավը, խնդիրները, որոնք դուք արծարծում եք, հավատացնում եմ` մեզ ծանոթ են»:

 

Անատոլի Վիբորնին վստահեցրեց, որ ոչ ոք չի ուզում փախչել խնդրից: Նա նաեւ խոստացավ անել ամեն ինչ` իրենց հնարավորությունների,  իրավասությունների սահմաններում, որ խնդիրներ չծագեն հատկապես ազգային հողի վրա: